Որտեղի՞ց է Սիրայում քիմիական զենք հայտնվել

Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղադրանքին ապրիլի 12-ին պատասխանել է ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա լրագրողների ներկայությամբ հայտարարել է, թե թունավոր նյութը, որը կիրառվել է սիրիական հակամարտության ընթացքում, անօրինական կերպով երկիր է բերվել Լիբիայից:
 
Ընդ որում՝ դա արվել է Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի համագործակցությամբ, իսկ գործողությունը համակարգել է ոմն Հայսամ ալ-Քասար:
 
- Ահաբեկիչները Լիբիայից այդ նյութն ստացել են երկար ժամանակ առաջ, Լիբիայի պաշարներից: Այդ գործողությունն անց է կացվել թուրքական, սաուդյան, ամերիկյան և ֆրանսիական հետախուզությունների աջակցությամբ:  Այդ քիմիկատները նրանք Լիբիայից Ստամբուլ են տեղափոխել քաղաքացիական ավիալայներներով, իսկ մարդուն, որը պատասխանատու էր այդ նյութերի տեղափոխության համար, կոչում են Հայսամ ալ-Քասար,- ասել է դիվանագետը: 
 
Նա շեշտել է, որ Սիրիայի իշխանությունները հազար ու մեկ անգամ ժխտել են որևէ տեսակի քիմիական նյութի կիրառումը սեփական ժողովրդի դեմ: 
 
- Մենք դրա վերաբերյալ բոլոր փաստարկները ներկայացրել ենք: Հիմա եկել է մեր ասածները մարսելու ժամանակը,- նշել է Ջաֆարին: 
 
Ապրիլի 7-ին Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում  քիմիական զենքի կիրառումը պնդել են մի քանի գիտահետազոտական միավորումներ, այդ թվում՝ «Սպիտակ սաղավարտները»: Այս մասին տեղեկացնելով՝ ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ում այդ հայտարարությունն անվանել են տեղեկատվական թափոն, իսկ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, թե «Սպիտակ սաղավարտները» նորությունների արաժնահավատ աղբյուր չեն և մոգոնած լուրեր են տարածում: 
 
«Ավանգարդն» արդեն անդրադարձել է Դումա քաղաքում կատարվածի վերաբերյալ Սիրիայի արտգործնախարարության հայտարարությանը, թե ահաբեկչական խմբավորումները նախօրոք ծրագրել են քիմիական զենք կիրառել, դրա մասին տեղեկատվությունը հաղորդվել է ու հաստատվել, և Սիրիայի իշխանություններն այդ մասին զգուշացրել են: Այժմ էլ հայտնի է դարձել, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները տարածաշրջան են ժամանելու ապրիլի 14-ին, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել: Մինչ նրանք Դումա կհասնեն, տարբեր հեռուստատեսություններ տեսանյութեր են ցուցադրում, որտեղ երևում է, թե ինչպես են քիմիական զենքի գրոհը բեմադրում սադրիչները: 
 
Սիրիային հարված հասցնել-չհասցնելու իրենց մտադրություններն են տարածում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան… Ամեն ինչ շատ անորոշ է ու մշուշոտ, սակայն տարբեր քաղաքագետներ արդեն կարծիք են հայտնում, թե այդ բոլորը կավարտվի մեկ-երկու փոխադարձ հարվածներով, իսկ մեծ պատերազմ չի լինի: Սա, իհարկե, համեմատաբար մխիթարական եզրակացություն է, չնայած՝ ոչ մի կասկած, որ այդ մի քանի հարվածները նույնպես փոքր վնաս չեն հասցնի առանց այն էլ պատերազմից ծվատված Սիրիային: