Իրանի դեմ պատժամիջոցները չեն բացառվում, բայց՝ ո՛չ միջուկային ծրագրերի պատճառով

Պատմական այս փուլում Արևմուտքի սլաքներն ուղղված են հատկապես երեք պետություն-թիրախների: Դրանցից Սիրիայում արդեն քանի տարի թեժ պատերազմ է ընթանում, Ռուսաստանը ներքաշվել է դիվանագիտական ճակատի ու պատժամիջոցների «սառցային» պատերազմի մեջ, իսկ մյուսը Իրանն է:
 
Ապրիլի 16-ին Լյուքսեմբուրգում մամուլի ասուլիս հրավիրելով՝ Իրանի մասին խոսել է Եվրամիության արտաքին գործերի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Լրագրողների հետ հանդիպման առիթը եղել է ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպումը:
 
Ամփոփելով դրա արդյունքները՝ Մոգերինին խոսել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարման մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ու իշխանությունները ստեպ-ստեպ շեշտում են, թե այն պետք է վերանայվի: 
 
- Բոլոր երկրները շեշտել են համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը: ԵՄ-ն կատարում է և շարունակելու է ամբողջ ծավալով կատարել Իրանի հետ միջուկային ծրագրի պայմանները,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:  
 
Ելներով նրանից, թե Եվրամիությունն ինչպես է գրեթե բոլոր հարցերում ձայնակցում ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ սա թերևս կարելի է համարել եզակի ինքնուրույն որոշումներից: Նույն օրն է տարածվել լուրը, թե ԵՄ-ն լիովին հավանություն է տալիս Սիրիայի հրթիռակոծությանը: Հենց Սիրիայի հետ Իրանի հարաբերություններին էլ վերաբերել է Մոգերինիի ասուլիսի շարունակությունը:
 
Իրանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին հարցին Մոգերինին պատասխանել է, թե նիստի ժամանակ այդ հարցը չի քննարկվել: 
 
- Իրանի դեմ պատժամիջոցներ մենք արդեն սահմանել ենք, և դրանք գործում են, սակայն չեն առնչվում նրա միջուկային ծրագրին,- նշել է նա: 
 
Նրա խոսքով՝ սահմանափակող հնարավոր նոր միջոցների մասին խոսակցությունները Սիրիայի հակամարտությամբ են պայմանավորված: Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն Սիրիայի հակամարտության վերաբերյալ Իրանի հետ ուղղակի և բաց երկխոսություն է վարում, ընդ որում՝ մտադիր է Մոսկվայի և Թեհրանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք ազդեն Դամասկոսի վրա: Ու նաև նշել է, որ Եվրամիության մի շարք երկրներ առաջարկել են Սիրիայում կատարվող իրադարձությունների պատճառով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: 
 
- Ենթադրյալ սահմանափակող միջոցներն Իրանի միջուկային ծրագրին չեն առնչվում, դրանք կապված են Սիրիայում Իրանի գործունեության հետ,- ասել է ԵՄ դիվանգիտության գլխավորը:
 
Ելնելով Իրանի և Սիրիայի վերաբերյալ Եվրամիության երկրների դիրքորոշումից՝ կարելի է եզրակացնել, որ եղած փախստականները նրանց համար քիչ են, երազում են տունուտեղից, ապահով կյանքից զրկված այլադավան ու այլամշակույթ մարդկանց նոր խմբեր ընդունել: