Ի՞նչը կարող է Թուրքիան «բաժանել» Ռուսաստանից

Երևի հենց Թուրքիայի մասին է ասված՝ խելոք գառը երկու մորից է սնվում: Անկարան այս պահին մեծ հաջողությամբ շահաբաժիններ է կորզում թե՛ Ռուսաստանից, թե՛ նրան ամեն գնով պատժել փորձող Արևմուտքից: Թուրքիային առայժմ ամեն ինչ ներվում է. նրա զավթողական գործողություններն ահաբեկիչների դեմ պայքար են որակվում, ահաբեկիչներին հովանավորելը առիթ է տալիս ԵՄ-ից գումարներ պոկել փախստականներին ապաստան տալու անվան տակ:
 
Հիմա սրան փորձում են իրենց կողմը քաշել գրեթե բոլորը: Ուրեմն էլ ինչպե՞ս չգոռոզանան ու առաջ չտանեն իրենց ծավալապաշտական ծրագրերը, որոնք այս աշխարհին լավ բան տալ չեն կարող: Ու առաջին հերթին վտանգավոր են հայերիս համար:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուղիղ եթերում Թուրքիայի հասցեին գովասանքների հեղեղ է թափել: Թուրքական Haberturk հեռուստաաիքը ապրիլի 16-ին հեռարձակել է նրա մամուլի ասուլիսը, որտեղ Ենս Սթոլթենբերգը հայտարարել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում Թուրքիան կարևոր դեր է կատարում: 
 
- Թուրքիան մեր այն գործընկերն է, որը դաշինքում կարևոր դեր է խաղում: Թուրքիան ծանրակշիռ ավանդ է բերում ընդհանուր անվտանգության ապահովման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերում: Թուրքիան ՆԱՏՕ-ի համար անչափ շատ բան է անում,- ասել է նա:  
 
Սթոլթենբերգը նաև պատմել է, որ ինքը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական Արֆինի շրջանում իրականացված «Ձիթենու ճյուղ» գործողությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունը Սիրիայում: 
 
- ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ ահաբեկչությունից այնքան չի տուժել, որքան Թուրքիան,- «հառաչել» է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 
Սթոլթենբեգի այս խոսքերը չափազանց նման են շողոքորթության: Նա ասես ցանկանում է Թուրքիայի փառամոլությունը շոյել և կտրել իր ոխերիմ թշնամի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններից, որոնք այնքան են առաջ գնացել, բանը հասել է Ս-400 հզոր զինատեսակի ձեռքբերմանը: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանն արդեն ոչ միայն Թուրքիային Ս-400 տրամադրելու որոշումն է կայացրել, այլև թուրքական կողմին է փոխանցել դրանց վերաբերող տեխնոլոգիաները: 
 
Լրատվամիջոցներն արդեն տարածել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության հետ հրթիռակոծելով Սիրիան՝ իրենց հաջողվեց բաժանել Թուրքիային ու Ռուսաստանին: Սրան պատասխանել է Չավուշօղլուն՝ նշելով, թե Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններն այնքան թույլ չեն, որ Ֆրանսիայի նախագահը կարողանա դրանց մեջ սեպ խրել: