Ովքե՞ր են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեություն վարել

ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետին կիրակի Ստրասբուրգում լրագրողներին է ներկայացրել կառույցում կոռուպցիայի հետաքննության խմբի զեկույցը, որտեղ հաստատվում է, որ որոշ խորհրդարանականներ Ադրբեջանի ներկայացուցիչներից կաշառք են վերցրել և այդպիսով խախտել վարվելակարգը: Ներկայացված ցուցակում աչքի է ընկնում ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտի անունը:

Ռուսական «ՌԻԱ-նովոստին» հիշեցնում է 2016թ. ամռանը իտալական Corriere della Sera պարբերականի հրապարակումն այն մասին, որ Միլանի դատախազությունն իտալացի հայտնի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին (ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավարին) մեղադրել է` Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Դրանից հետո տարբեր ԶԼՄ-ներում  սկսել էին նյութեր հրապարակվել այն մասին, որ որոշ խորհրդարանականներ աջակցում են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբիստականն գործունեությանը: Հենց այդ ժամանակ էլ կազմվել էր իրավիճակի հետաքննության խումբը:

- Խումբը բացահայտել է, որ ԵԽԽՎ անցյալ և ներկա որոշ պատգամավորների վերաբերյալ ծանրակշիռ  կասկածներ կան, որ նրանք Ադրբեջանի օգտին կոռուպցիոն բնույթի գործունեություն են վարել: Խումբը հաստատել է, որ գոյություն է ունեցել ԵԽԽՎ շրջանակում Ադրբեջանի շահերի օգտին գործող անձանց մի խումբ… Դրա կապակցությամբ խումբը  արձանագրում է, որ նրանց գործունեությունը հակասում է ԵԽԽՎ-ում ընդունված վարվելակարգի չափանիշներին,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Զեկույցում  նշված են անուններն այն խորհրդարանականների, ովքեր խախտել են վարվելակարգի չափանիշները: ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտից բացի` նրանց թվում են նաև Սամիդ, Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեկստե ն և Ռոբերտ Ուոլտերը: «ՌԻԱ-նովոստին» շեշտում է, որ այս մարդկանց մի մասը դեռևս Վեհաժողովի պատգամավորներ են:

Միքելե Նիկոլետին ինքն այս փաստաթուղթը բարձր է գնահատել: Նշված մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է խորհրդարանականի պատասխանատվության մասին և հաղորդել, որ զեկույցը հանձնվել է պատվիրակությունների գլխավորներին: Ինչ վերաբերում է զեկույցում նշված խորհրդարանականների նկատմամբ ձեռք առնվելիք միջոցառումներին,   ապա, Նիկոլետիի խոսքով, այդ հարցով պետք է զբաղվի ընթացակարգի հանձնաժողովը:

Բնականաբար` ո՛չ ԵԽԽՎ նախագահը, ո՛չ էլ ռուսական լրատվամիջոցը չեն նշել, որ «Ադրբեջանի լոբբիստական գործունեությունն» իր կաշառատու սլաքն ուղղել է հատկապես հակահայ որոշումներ կորզելու ուղղությամբ: Մենք դա լավ գիտենք, ու նաև գիտենք, որ սրանով նրա գործունեությունը չի սահմանափակվելու: Քանի դեռ միջազգային կառույցներում թեկուզ մեկ կաշառակեր պաշտոնյա կա` Ադրբեջանը իր անսխալ հոտառությամբ գտնելու է նրան ու փորձելու է կաշառել: Գուցե ԵԽԽՎ այս փորձը ոմանց այնուամենայնիվ զսպի: