Իրանի հետ միջուկային պայմանագիրը «կատարյալ չէ, սակայն այլընտրանք չունի»

ԱՄՆ այցելելուց առաջ Իրանի ատոմային ծրագրի մասին է խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, թե Թեհրանի հետ միջուկային պայմանագիրը կատարյալ չէ, և ընդգծել է, որ, այդուհանդերձ, այն այլընտրանք չունի:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսին մի կողմից Իրանը, մյուս կողմից ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ: Այն նախատեսում է սառեցնել Իրանի միջուկային ծրագրերի պատճառով ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները, իսկ պաշտոնական Թեհրանն, ի պատասխան` պետք է սահմանափակի իր միջուկային գործունեությունը և այն դնի միջազգային վերահսկողության ներքո:

Արդեն 2018թ. հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը կդադարեցի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀՀԳԾ) իր մասնակցությունը, եթե այնտեղ փոփոխություն չմտցվի: Նրա խոսքով` հարկավոր է ուղղել միջուկային գործարքի ահավոր թերությունները:

Fox News-ը Մակրոնին հարց է ուղղել, թե մի՞թե համաձայնագիրը կարատյալ է կամ արդյո՞ք  ՀՀԳԾ- ն կատարյալ է` Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից:

- Ո՛չ,- արձագանքել է Ֆրանսիայի նախագահը:

Այնուհետև Մակրոնը նշել է, որ ինքն ավելի լավ տարբերակներ չի տեսնում:

- Ես ատոմի վերաբերյալ պլան Բ չունեմ: Մենք այդ հարցը կքննարկենք:

Ֆրանսիայի նախագահը Իրանի հետ միջուկային ծրագիրը համեմատել է հյուսիսկորեական տարբերակի հետ և նշել, որ այստեղ իրադրությունն «ավելի լավ է, քան հյուսիսկորեական նմուշի իրավիճակը»:

- Ես բավարարված չեմ Իրանի միջուկային ծրագրին առնչվող իրադրությամբ: Ես ցանկանում եմ պայքարել բալիստիկ հրթիռների դեմ: Ես ցանկանում եմ զսպել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում,- ավելացրել է Մակրոնը:

Վերջապես` Մակրոնն արտահայտվել է այն բանի օգտին, որ ՀՀԳԾ-ն լրացվի  Իրանի հրթիռային ծրագրին առնչվող դրույթներով և «տարածաշրջանային զսպմամբ»:

ՀՀԳԾ-ի վերաբերյալ հերթական գնահատականը համաձայնագիր կնքած միջուկային տերությունները պետք է տան մայիսին, իսկ ԱՄՆ-ից վաղուց են հնչում տեսակետներ, թե այն պետք է վերանայվի: Սրան արձագանքել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա հայտարարել է, որ Թեհրանը վերսկսելու է իր միջուկային ծրագիրը` եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չերկարաձգի հակաիրանական պատժամիջոցների սառեցումը: Ըստ Զարիֆի` միջազգային հանրությունը չի կարող Իրանին կոչ անել միակողմանիորեն հավատարիմ մնալու գործարքին, որն արդեն խախտվել է: