Սիրիայի զինուժը Դումայում քիմիական նյութերի պահեստներ է գտել

ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՎԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

Քիմական զենքի արգելման կազմակերպության գծով Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասան Օբայիդը ապրիլի 26-ին Հաագայում մամուլի ասուլիս է հրավիրել՝ հայտնելու, որ Դումայում գտնվել են քիմիական նյութերի պահեստներ, և այդ նյութերն արտադրվել են Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում:
 
Դիվանագետը հույս է հայտնել, որ այս պահին Սիրիայում գտնվող ՔԶԱԿ-ի փորձագետների խումբը կայցելի այդ պահեստները և ուսումնասիրություններ կանցկացնի: Նա ասել է, թե այդ քիմիական նյութերն այդտեղ են մնացել ահաբեկիչների հեռանալուց հետո, և դրանք հայտնաբերել են Սիրիայի զինուժի ներկայացուցիչները: 
 
- Այնտեղ գտել են քիմիական նյութեր Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, այդ թվում նաև Սոլսբերիի Պորտոն-Դաունից,- նշել է Օբայիդը:
 
Այստեղ երևի ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուսաստանի համար «դիվանագիտական պատերազմի» պատճառ դարձած Սկրիպալին թունավել էին հենց Սոլսբերի քաղաքում: Իսկ Օբայիդը հույս է հայտնել, որ ՔԶԱԿ-ի փորձագետներն այդ պահեստներն այցելելուց հետո ճշմարտությունը կբացահայտեն:
 
- Այդ դեպքում բոլոր կեղծ մեղադրանքները կքողազերծվեն, և աշխարհը կիմանա ճշմարտությունը,- ընդգծել է սիրիացի դիվանագետը: 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական զինվորականները ևս հայտարարել էին, թե Դումայում քիմիական նյութերի փորձարան են գտել, և «Ավանգարդն» այդ մասին գրել է:
 
Ուրեմն չի բացառվում, որ ՔԶԱԿ-ի փորձագետները հաստատեն՝ Դումայում ահաբեկիչների տրամադրության տակ քիմիական զենք ստանալու նյութեր են եղել: Ու նաև հնարավոր է՝ արևմտյան երկրները մի կեսբերան ներողություն խնդրեն մերկապարանոց մեղադրանքների համար: Սակայն դա հաստատ չի կարող վերացնել Սիրիայի հրթիռակոծության հետևանքները, և դժվար թե Արևմուտքին հարկադրի վերջ տալ թշնամանքին Բաշար Ասադի ղեկավարած երկրի հանդեպ: