Մերկելը, Մակրոնն ու Մեյը՝ ընդդեմ ԱՄՆ առևտրաքաղաքական քայլերի

Բոլոր պետությունների համար էլ կարևոր է տնտեսական բարվոք դրությունը, և աշխարհում տեղի ունեցող գործընթացների մեծ մասը թերևս միտված է սեփական տնտեսությունն ուժեղացնելուն, իսկ հնարավոր կամ առկա հակառակորդինը՝ թուլացնելուն: Դրա համար էլ աշխարհում ընթանում են ոչ միայն զինուժերի, այլև տնտեսական պատերազմներ:
 
Նման մի պատերազմ վերջերս հայտարարեց Միացյալ Նահանգները՝ բարձր մաքսատուրքեր սահմանելով որոշ մետաղների ներկրման վրա: Երևում է՝ դա մյուս պետությունների ու տարածաշրջանային միավորումների համար իրոք մեծ վտանգ է պարունակում, այդ պատճառով էլ տարբեր երկրներ սպառնում են համարժեք պատասխան տալ: Անցած հանգստյան օրերին սրան վերստին արձագանքել են Եվրամիության երեք գերտերությունների ղեկավարները: 
 
Այդ օրերին իրար հետ հեռախոսազրույցներ են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը: Որքան էլ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու գործընթաց է սկսել, այնուամենայնիվ չի վարանել մնացածների նման հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է իր տնտեսական շահերը պաշտպանել, եթե Միացյալ Նախանգները դրա դեմ առևտրաքաղաքական քայլեր ձեռնարկի: Երեք պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն է հրապարակել Գերմանիայի կառավարությունը:
 
- Նրանք միասնական տեսակեն են հայտնել, որ ԱՄՆ-ը չպետք է առևտրաքաղաքական քայլեր ձեռնարկի ԵՄ-ի դեմ և՝ որ հակառակ դեպքում ԵՄ-ն պետք է պատրաստ լինի իր շահերը վճռականապես պաշտպանելու առևտրի միջազգային սկսզբունքների շրջանակում,- նշված է տարածված հայտարարության մեջ:
 
Ելնելով այն իրողությունից, թե ինչպես է Դոնալդ Թրամփի վարչակարգը հետևողականորեն խստացնում իր քաղաքականությունը և նշած թիրախներին հերթով նշան բռնում՝ կարելի է չկասկածել, որ վերը հիշված առևտրաքաղաքական քայլերը կարվեն, հենց որ հողը դրա համար բավականաչափ պարարտ լինի: Աշխարհին նորանոր ցնցումներով սպառնացող առևտրային պատերազմը թերևս կարող է կանխել ոչ միայն ԵՄ, այլև աշխարհի բոլոր երկրների միասնական պատասխանը ԱՄՆ-ին:
 
Բայց նման միասնականությունն այնքան անհավանական է, որ Միացյալ Նահանգները դա հաշվի չի էլ առնում: