Արդեն հնարավոր է նաև ԿԺԴՀ-Ճապոնիա երկխոսությունը

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միակ լավ փոփոխությունն այն չէ, որ վերջին 10 տարում առաջին անգամ Կորեական թերակղզու երկու պետությունների առաջնորդները հանդիպել են և բարձր մակարդակի բանակցություններ վարել:
 
Նախ, սահմանային անցակետում հանդիպելով՝ նախագահներ Կիմ Չեն Ընը և Մուն Չժե Ինը ստորագրել են կարևոր փաստաթուղթ՝ «Կորեական թերակղզու խաղաղության, բարգավաճման և միավորման մասին Փհանմունջոնի հայտարարգիրը»: Դեռևս մեկ տարի առաջ Ճապոնիայի տարածքների ուղղությամբ թևավոր հրթիռներ արձակող Կիմ Չեն Ընը նաև պատրաստակամություն է հայտնել այդ երկրի հետ երկոսության սկսել «ցանկացած ժամանակ»:
 
Այդ մասին ապրլիլի 29-ին հաղորդել է ճապոնական «Kyodo» գործակալությունը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այդ մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ասել է հեռախոսազրույցի ժամանակ: 
 
Նույն գործակալության տարածած հայտարարությամբ՝ Ճապոնիան նաև ողջունում է ԿԺԴՀ որոշումը՝ վերջնականապես փակել Փհունգերիի միջուկային զինարանը: Ապրիլի 29-ին Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան Փհունգերիի միջուկային զինարանը  վերջնականապես կփակի մայիսին, իսկ դրա կազմաքանդման ընթացքը կլինի հրապարակային: 
 
Ինչ մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Կիմ Չեն Ընի նախատեսվող հանդիպմանը, ապա այստեղ դեռևս հստակություն չկա: Խոսվում է այն մասին, թե դրա տեղն ու ժամանակն արդեն որոշված են, սակայն Թրամփի վարչակարգը չի շտապում հրապարակել: Այդ հանդիպումից է կախված տվյալ տարածաշրջանում պատերազմի ու խաղաղության հարցը, և ԱՄՆ-ում մտավախություն ունեն, թե Կիմ Չեն Ընը դարձյալ կփորձի խաբել: Ստեղծված իավիճակը սենատոր Լինդսի Գրեհեմն այսպես է ձևակերպել.
 
- ԱՄՆ-ը մոտ է ԿԺԴՀ-ի հետ խաղաղությանը, միաժամանակ պակաս մոտ չէ նաև Փհենյանի հետ պատերազմին: 
 
Այս ամենով հանդերձ՝ օղակը սեղմվում է Իրանի միջուկային ծարագրերի շուրջը: Արդեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան են խոսում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարք կնքելու մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը սա վաղուց է պնդում, սակայն պայմանագրի կողմ մյուս երկրները համաձայնություն չէին տալիս: