Լիբիայի նավթահանության արդի վիճակը

Շատերն են ասում, թե արաբական գարուններ կոչվող հեղափոխական շարժումները կազմակերպվեցին տածաշրջանի առատ նավթին տիրանալու նպատակով: Լիբիան այդ շարժումների առաջին զոհերից եղավ. ծաղկուն երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ, ահաբեկչական խմբավորումների գրոհների պատճառով մեծապես տուժեց նաև նավթահանությունը: Ռուսական «ՌԻԱ նովոստիին» հետաքրքրել է, թե ի՞նչ իրավիճակ է այժմ Լիբիայի նավթարդյունաբերության ոլորտում, և Բենգազիում գտնվող իր նրա թղթակցիցը զրուցել է հարցին տեղյակ աղբյուրի հետ:
 
Նշենք, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (որն առավելապես հայտնի է նրա անգլերեն անվան համավումով՝ ՕՊԷԿ) Լիբիային ու Նիգերիային ազատել էր նավթի հանույթը սահմանափակելու պարտավորությունից՝ հաշվի առնելով, որ նրանց նավթային արդյունաբերությունները մեծապես տուժել են զինված խմբավորումների գործողություններից: Դա արվում է ՕՊԷԿ+ անունն ստացած համաձայնության շրջանակներում: Արդեն 2018թ. սկսած՝ Նիգերիան պարտավոր է սահմանափակվել օրական 1,8 մլն բարել նավթի արդյունահանությամբ, իսկ Լիբիան՝  մոտ 1 մլն: Համապատասխան որոշումն ընդունվել է 2017թ. նոյեմբերին՝ Վիեննայի համաձայնագրի մասնակից բոլոր 24 երկրների միասնական վճռով:  
 
- Անմշակ նավթի արտադրությունն այժմ տատանվում է օրական 1-1,1 մլն բարելի միջև: Արդյունահանումը կարող է ավելանալ կամ պակասել՝ պայմանավորված անվտանգության ոլորտի իրավիճակով, խախտումներով, տեխնիկական հիմնախնդիրների լուծումներով,- իր աղբյուրի խոսքերն է փոխանցել լրատվամիջոցը:
 
Նշվում է, որ Սիրտից հարավ-արևելք ընկած Զելլա քաղաքում հանքահորերը պարապուրդի են մատնված 2013թ. ի վեր: 
 
- Դրանք ահաբեկիչների բազմաթիվ գրոհներին ու վանդալիզմին են ենթարկվել: Իսկ Զելլայից արևելք ընկած Մարադայի շրջանում հաջողվել է զինվորականների վերահսկողությունն ամբողջությամբ վերականգնել 2016թ., և նրանք արդեն կանոնավոր աշխատում են,- նշել է լիբիական աղբյուրը: 
 
Բայց երևում է՝ ՕՊԷԿ-ի որոշումը Լիբիայի համար բավարար չէ, քանի որ անցած տարվա դեկտեմբերին լուր էր տարածվել, թե Լիբիան կազմակերպության հետ բանակցություններ է վարում, որպեսզի նավթի արտահանման իր բաժնեմասը հասցվի օրական 1,5-1,6 բարելի: 
 
Ժամանակին անընդհատ խոսվում էր, որ ահաբեկչական խմբավորումների տրամադրության տակ մեծ քանակությամբ նավթ կա, որը նրանք նաև վաճառում են: Թե որքան անխնա են շահագործվել նրանց իշխանության տակ հայտնված նավթահորերը, երևի ՕՊԷԿ-ն անգամ չի կարողանա հաշվել: Ճիշտ է՝ ահաբեկիչների հիմնական ուժերը ոչնչացվել ու գրավված տարածքներն ազատագրվել են, սակայն պատերազմները դեռևս շարունակվում են: Դրանց հրահրիչներին բնավ չի հետաքրքրում, թե քանի մարդ է տառապում ռազմական գործողություններից ու պատերազմի մնացած հետևանքներից, որքան նյութական ու մշակութային կորուստներ են լինում: Կարևորն այն է, որ «սև ոսկու» բարիքներն իրենց «գրպանները» հոսեն:  
 
Սրան վերջ կարող է տալ միայն վառելիքաէներգետիկ այլ միջոցների տարածումը: Նրան փոխարինող կարող է դառնալ արհեստական բանականությունը, որի ահավոր վտանգների մասին շուտ-շուտ զգուշացնում է այդ որորտի խոշոր գործարար հանրահայտ Իլոն Մասկը: