ՄԱԳԱՏԷ-ն Իրանում ատոմային ռումբ ստեղծելու որևէ հետք չի գտել

Իրանի հետ միջուկային պայմանագիրն ու իսլամական այդ պետության ատոմային ծրագրերը մնում են նրա հակառակորդների ուշադրության կիզակետում: Ինչպես հայտնի է՝ մայիսի 1-ին Իսրայելի վարչապետն է Իրանին մեղադրել միջուկային զենքի վերաբերյալ ծրագրերն ու արխիվները թաքցնելու համար և վստահություն հայտնել, թե Համատեղ համապարփակ գործողություների ծրագիրը (ՀՀԳԾ) հիմնված է Թեհրանի ստի վրա: Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները նույնպես քննադատում է դրանք և առաջարկում վերանայել:
 
Միացյալ Նահանգների ու Իսրայելի քննադատությունները նույն օրը մամուլի ասուլիսում մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Նա հայտնել է, որ Գուտերեշը շարունակում է պաշտպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: 
 
- Գլխավոր քարտուղարը շարունակում է պաշտպանել Համատեղ համապարփակ գործողություների ծրագիրը: Նա համարում է, որ այն դիվանագիտության նշանակալի նվաճում է, որը հարկավոր է զարգացնել: Ինչ վերաբերում է ծրագրին, որն Իրանն անցյալում էր իրականացնում, ապա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), ինչպես գիտեք, հանձնարարվել է այն ուսումնասիրել և գնահատական տալ,- լրագրողներին ասել է Հաքը: 
 
ՄԱԿ-ի աշխատակիցը բոլորի ուշադրությունն է հրավիրել մայիսի 1-ին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած մամուլի հաղորդագրությա վրա: Իսկ այնտեղ գործակալության հայտարարությունն է, ըստ որի մինչև 2003թ. Իրանում «միջուկային պայթուցիկ սարք» ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տարվել են, և որոշ միջոցառումներ անց են կացվել նաև 2003թ. հետո: Գործակալությունը ճշտել է, որ դրանք գիտական հետազոտությունների շրջանակից դուրս չեն եկել: Ընդ որում՝ ՄԱԳԱՏԷ-ն հավաստի նշաններ չի գտել, որոնք հաստատեին, թե 2009թ. հետո Իրանում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ որևէ տեսակի աշխատանք է տարվել:
 
Այսպիսով՝ Իրանի հետ միջուկային պայմանագիրը ՄԱԿ-ի ղեկավարության համար դիվանագիտական նշանակալի նվաճում է, որը կարող է խաղաղություն երաշխավորել: Իսկ նման նվաճումը հարկավոր է փայփայել, այլ ոչ թե մսխել անվստահության հայտարարություններով ու սպառնալիքներով: