Ֆրանսիան այնքան էլ գոհ չէ իր նախագահից

Դեռևս չի լրացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտրվելու մեկ տարին, սակայն իր երկրում օրեցօր նվազում է նրա վարկանիշը: Պարբերաբար անցկացվող հարցումներն այդ են վկայում: Հերթական հարցումն անց է կացրել Odoxa կենտրոնը՝ փաստելով, որ ֆրանսիացիների կեսից ավելին գոհ չէ Մակրոնի վարած տնտեսական քաղաքականությունից:
 
Ապրիլի 25-26-ին անցկացված հարցմանը մասնակցել է 1007 մարդ, և նրանց 58%-ը բացասական վերաբերմունք է արտահայտել: Մնացած 42%-ը համարում է, որ երկրի նախագահը տնտեսության համար բավարար քայլեր ձեռնարկել է: Հարցումը հաստատել է, որ 2017թ. հուլիսից սկսած՝ Մակրոնի ձեռնարկած տնտեսական քաղաքականության հանդեպ բնակիչների վստահության մակարդակն իջել է շուրջ 7%-ով։
 
Եթե Odoxa-ի այս հարցման արդյունքները համադրենք մայիսի 1-ին Փարիզում կատարված իրադարձությունների հետ, ապա կարող ենք ասել, որ Ֆրանսիայում ոչ միայն բացասականն վերաբերմունք, այլև իսկական բողոք կա: Այդ օրը մայիսմեկյան երթը վերածվել էր բողոքի ցույցի, որն ուղեկցվել է բռնություններով, ոստիկանության միջամտությամբ, համարյա 280 մարդու ձերբակալությամբ: Մակրոնի հասցեին հնչող մեղադրանքներից է եղել նաև ԱՄՆ-ի քաղաքականությանը ենթարկվելը: Չմոռանանք, որ դրանից առաջ Մակրոնն այցելել էր Միացյալ Նահանգներ և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցել: 
 
Եվրոպա ասելով՝ մարդիկ թերևս առաջին հերթին Ֆրանսիան են պատկերացնում: Եվ ուրեմն Ֆրանսիայի տնտեսական հաջողությունն ու իրական անկախ քաղաքականությունը կարող է որոշել ամբողջ Եվրոպայի դեմքը: Առաջիկա մի քանի տարում այդ «դեմքի» հիմնական ձևավորողը Մակրոնն է, և քանի որ նա պատասխանատու է իր ընտրողների առջև, գուցե թե փորձի համապատասխանել նրանց պահանջներին: Միայն թե դա լիովին նրա կամքից չէ, որ կախված է. գոյութնուն ունեն նաև համաշխարհային գործընթացներ, որոնք մոլորակի գերտերություններից մեկը շրջանցել չի կարող: