Մթնոլորտը մաքուր պահել հնարավոր չէ, հարկավոր է վերափոխել շնչառական համակարգը

Ո՞վ կարող է ժխտել, որ Երկիր մոլորակի վրա կյանքի գոյության առաջին պայմանը նրա մթնոլորտում պարունակվող թթվածինն է: Դա թերևս մի պարգև է, որ բնությունն ընծայել է այնտեղ գոյություն ունեցեղ կյանքի ձևերին, այդ թվում` դրանց զարդը համարվող մարդուն: Ու հենց այդ «զարդն» էլ մեր օրերում անշեղորեն կրճատում է այն հնարավորությունները, որոնք մեր մոլորակի կյանքի բոլոր ձևերի գոյության առաջին երաշխիքն են:

Խոսքը, իհարկե, օդի աղտոտվածության մասին է: Այս տարվա ապրիլ ամսվա համար արված դիտարկումները փաստել են, որ գրանցվել է մթնոլորտային օդում ածխաթթու գազի ամենաբարձր պարունակությունը:

Այդ մասին հաղորդում են Կալիֆորնիայի համալսարանի օվկիանոսագիտության Սկրիպս ինստիտուտի մասնագետները Սան Դիեգոյից: Ըստ նրանց` Մաունա-Լոայի եղանակային դիտարկումների կայանի տվյալները հաստատում են, որ ապրիլին մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը եղել է ավելի քան 410 ppm: Սա նշանակում է, որ սկսած 1958թ., երբվանից  Սկրիպս օվկիանոսագիտության ինստիտուտում սկսել են թարմացնել նշված տվյալը, մթնոլորտում ածխաթթվի պարունակությունը ավելացել է 30%-ով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` առաջին անգամ 400 ppm-ի ցուցանիշը հատվել է 2013թ.:  Գիտնականների գնահատմամբ` վերջին 800 հազար տարում այդ ցուցանիշը, ճիշտ է, տատանվել է, սակայն մինչև արդյունաբերական հեղափոխությունը երբեք 300 ppm-ից չի անցել: Այսինքն թռուցիկ հայացքն էլ ասում է, որ միայն վերջին վեց տարում այդ ցուցանիշը բարձրացել է 10 միավորով: Սակայն մարդու գործելակերպում առայժմ անգամ նշմարելի չէ որևէ նշանակալի միջամտություն, որը կկարողանա կանխել այս կործանարար ընթացքը: Իսկ այնպիսի հարկադրանքի ձևերը, ինչպես օրինակ Եվրամիության բյուջեի հաջորդ 7-ամյա փուլի համար բնապահպանական տուգանքներ նախատեսելն է, այս տեսանկյունից ոչինչ չտվող ձեռնարկումներ են:

Ինչպես երևում է` ածխաթթու գազի ամենամեծ արտանետումներ «ապահովում են» օրեցօր «կատարելագործվող» գերհզոր զենքերի արտադրությունը, փորձարկումներն ու գործարկումները: Եվ քանի որ ոչ մեկին հնարավոր չէ համոզել, որ իրար վախեցնելու և զենքի հաշվին ինքնահաստատվելու փոխարեն հարկավոր է պարզապես ապրել, մնում է, որ նորարարական աշխատակարգերի հնարավորություններն օգտագործվեն մարդու շնչառական համակարգը վերափոխելու նպատակով: Միայն թե այստեղ հարց է առաջանում` ածխաթթու գազ շնչող (կլանող) արարածը մա՞րդ կլինի, թե՞ օրինակ բույսի տեսակ: