ՄԱԿ-ի ԱԽ-ն ներկայացնում է 70 տարի առաջվա աշխարհը

ՀՆԱՑԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՆՈՐՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Միավորված ազգերի կազմակերպությունն իր այժմյան տեսքով Թուրքիայի նախագահին դուր չի գալիս: Նա առաջարկել է այն բարեփոխել, քանի որ այլապես ապագա չունի: Այդ մասին մայիսի 7-ին հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:
 
- Միջազգային հանրության երեսպաշտությունը և երկերեսանիությունը, որի պարտավորությունների մեջ է մտնում խաղաղության և անվտանգության ապահվումը, այնպիսի չափերի են հասել, որոնց պարագայում արդեն անհնար է թաքցնել  կանխակալությունը: Հենց այդ պատճառով էլ Անկարան կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը,- Էրդողանի խոսքերն է մեջբերել գործակալությունը: 
 
Ընդ որում՝ Թուրքիայի նախագահը կազմակերպության բարեփոխումն անխուսափելի է համարել: Նրա ասել է, թե  միջազգային համակարգը, որը ձևավորվում է ՄԱԿ_ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների շահերով, ապագա չունի: Իսկ այդ հինգ մշտական անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը:
Հարցը մինչ այդ շոշոփել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ապրիլյան նիստին հայտարարելով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բարեփոխվի, քանի որ իր այժմյան տեսքով ծառայում է նրա հինգ մշտական անդամների շահերին: Ապա ավելացրել էր, թե այժմ ՄԱԿ-ի բարեփոխման խնդիրն այժմ առավել սուր է, քան երբևէ:
 
Միայն թե Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների բարձրագոչ հայտարարություններից առաջ հարցը բարձրացրել է հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, թե բարդությունները, որոնց ՄԱԿ-ը բախվում է որոշումներ կայացնելիս, մասնավորապես սիրիական ճգնաժամի վերաբերյալ, բացատրվում են ԱԽ-ի կառուցվածքային խնդիրներով, որը «ներկայացնում է աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կար Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո և արդեն չի ներկայացնում այսօրվա աշխարհը»: Նա ասել էր, թե վետոն դարձել է մի գործիք, որը չափազանց հաճախ է օգտագործվում: Գուտերեշը հիշեցրել է, որ քննարկումներ են ընթանում ԱԽ-ն այսօրվա աշխարհին առավել համապատասխան դարձնելու ուղղությամբ: 
 
Թուրքիայից հնչող բարեփոխման կոչերը պետք է որ իրոք սթափեցնեն ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ առավել արդիական դարձնելու աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը: Սակայն եթե աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը սոսկ սեփական շահերի շրջանակում գնահատող, հարևան պետության տարծքում անպատիժ ռազմական գործողություններ վարող ու բոլորի վրա հոխորտացող Թուրքիան է նրան քննադատում, ուրեմն առավել լրջորեն պետք է վերաբերվել առաջարկվելիք բարեփոխումներին: 
 
Ասելէ թե՝ հերթական անպտուղ փոփոխության փոխարեն ՄԱԿ-ում պետք է այնպիսի բարեփոխումներ արվեն, որոնք կապահովեն ոչ միայն այսօրվա, այլև ապագայի խաղաղությունն ու անվտանգությունը: Եթե նման հաշվարկների համար մարդու խելքը չբավականացնի, նրա ստեղծած արդի տեխնոլոգիաները հաստա՛տ ի զորու կլինեն: Կարևոր ցանկությունն ու կամքն են, որոնք նույնիսկ չեն էլ նշմարվում: