Մերձբալթյան երկրներում ահաբեկության վտանգ կա

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է

Այսօրվա աշխարհում ամեն ինչ այնքան հասանելի է դարձել, որ ահաբեկչական գործողություններ են հնարավոր անգամ Եվրոպայի հյուսիսում կարծես թե բավական մեկուսի կենսագործունեություն վարող մերձբալթյան երկրներում: Համենայնդեպս՝ դրա հնարավորությունը նշել և նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
 
Միացյալ Նահանգները մտահոգված է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ապրող ԱՄՆ քաղաքացիների համար: Այդ մասին տեղեկանք է հրապարակվել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության «Բյուրո» կայքում:
 
- ԱՄՆ կառավարությունն առաջվա պես անհնագստացած է նրանով, որ ահաբեկիչները մտադիր են հարձակվել Ամերիկայի քաղաքացիների վրա՝ ներառյալ երեխաները,- ասված է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ: 
 
Հաղորդագրությունը հիշեցնում է, որ ծայրահեղականներն ավելի վաղ կիրառել են սառը և հրազենային զենքեր, ինչպես նաև փորձել են մարդկանց ճզմել տրանսպորտային միջոցներով: Պետքարտուղարությունը նաև ճշտել է, որ ահաբեկիչների նպատակակետեր կարող են դառնալ դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները, տրանսպորտային հանգույցները:
 
Երևում է՝ ահաբեկիչների առաջիկա հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ը հետախուզական հիմնավոր տվյալներ ունի, այլապես հենց այդպես չէր ահաբեկի ո՛չ իր քաղաքացիներին, ո՛չ էլ Մերձբալթյան երկրների բնակիչներին:  Չէ՞ որ ահաբեկության մասին սուտ հաղորդումը նույնպես ահաբեկության տարր է պարունակում: Այնպես որ՝ կարելի է հուսալ, որ մոլորակի թեժ կետերից հեռու ապրող Մերձբալթիկայում այս նախազգուշացումից հետո կկարողանան ահաբեկիչներին կասեցնել: Աշխարհի ցանկացած վայրում դա կարևոր է: 
 
Այն, որ ահաբեկությունը դարձել է 21-րդ դարի բնորոշիչներից մեկը, չի կարող անտարբեր թողնել շատ թե քիչ սթափ մտածող որևէ մարդու: Բայց քանի որ այդ երևույթը շարունակում է ծաղկել ու բարգավաճել, մնում է մտածել, որ աշխարհի մակարդակով որոշումներ կայացնող ու հարցեր լուծող շրջանակներում սթափ ուղեղների սղություն կա: