Փհենյանը միջուկային զենքից կհրաժարվի, եթե ապահովվի իր անվտանգությունը

Երբ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ իր ղեկավարած երկիրը պատրաստ է ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից, աշխարհում ոմանք այնքան ուրախացան, որ առաջարկեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր ջանքերի համար Նոբելյան մրցանակի արժանացնել:
 
Պաշտոնական Փհենյանը, սակայն, որոշ վերապահումներ ունի: Նրա համար գլխավորն այն է, որ Կորեական թերակղզու ապամիջուկացումն ու միջուկային զենքից լիովին հրաժարումը նպաստի իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների վերացմանը:
 
ԿԺԴՀ նախագահը նման հայտարություն է արել մայիսի 8-ին, Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ բանակցությունների ընթացքում:
 
- Հենց որ համապատասխան կողմերը հրաժարվեն թշնամական քաղաքականությունից ու մեր  անվտանգությանն սպառնալուց, ԿԺԴՀ-ն միջուկային զենքի տիրապետելու անհրաժեշտություն չի ունենա, և Կորեական թերակղզու ապամիջուկացումը հնարավոր կդառնա,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերել չինական «Սինհուա» գործակալությունը:
 
Սա թերևս նշանակում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարին անհրաժեշտ են անվտանգության ծանրակշիռ երաշխիքներ, որոնք նա դեռևս հարկ եղածին չափով չի ստացել: 
 
Իրանին էլ միջուկային զենքի ստեղծումից հետ է պահում մի քանի միջուկային տերությունների հետ կնքած պայմանագիրը, որը մերձավորարևելյան այս երկրի համար որպես անվտանգության երաշխիք է ծառայում: Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, սակայն, այժմ նույպես մեծ սպառնալիքի տակ է՝ Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով: Այնպես որ, Հյուսիսային Կորեայի նախագահը երևի կցանկանա վերջնական որոշում կայացնելուց առաջ սրա նախադեպն աչքի առջև ունենալ: