Իրանի նախագահն ուրախ է…

ՆԱ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խոստացած հայտարարությունն արեց, և ինչպես համարյա բոլորն էին սպասում, հռչակեց Իրանի հետ միջուկային պայմանագրից իր երկրի դուրս գալը: Ու հիմա ոգևորված խոսում են Իրանի դեմ նոր ու խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Դրանից հետո շատ պետություններ ու կազմակերպություններ են ափսոսանք հայտնել, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քրտուղար Անտոնիու Գուտերեշը «խորին մտահոգություն» է արտահայտել և մնացած երկրներին կոչ արել պահպանել գործարքն Իրանի հետ:

Այդ պայմանագրի մասնակից երկրներից մեկի` Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը երեկ Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել է, թե ճիշտ է, Ամերիկայի որոշումը թուլացրել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, սակայն ի չիք չի դարձրել: Ժան-Իվ Լե Դրիանը նաև ընդգծել է, որ Ամերիկայի նախագահի որոշման համար Ֆրանսիան ցավ է հայտնում:

- ԱՄՆ-ի դուրս գալը կնպաստի համաձայնագրի թուլացմանը, սակայն այն չի զրոյացնի: Մեզ համար համաձայնագիրը մեռած չէ,- ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լե Դրիանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում եվրոպացիներին անհրաժեշտ է միասնական լինել, խոսել ԱՄՆ-ի, Իրանի հետ և «միասին աշխատել բազմաթիվ ուղղություններով»:

Արտգործնախարարը հաղորդել է, որ եկող շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ հանդիպելու է Իրանի գործընկերոջը, որպեսզի քննարկեն պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ստեղծված իրավիճակը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լե Դրիանի ասելով, մոտ ժամանակներս բանակցություններ կսկսի Իրանի իր գործընկեր Հասան Ռոուհանիի հետ:

Բնականաբար` Իրանում կատարվածին շատ բուռն են արձագանքել. երիտասարդներն անգամ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ այդ երկրի դրոշն ու պայմանագրի տեքստն են այրել: Սակայն ամենից խոսունն ու ուշագրավը, թերևս, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի մեկնաբանությունն է.

- Իրանը մի երկիր է, որը կատարում է իր հանձնառությունները: ԱՄՆ-ը մի երկիր է, որը երբեք իր հանձնառությունները չի կատարում: Ես ուրախ եմ, որ անվստահելի գործընկերը ՀՀԳԾ-ից դուրս է եկել,- ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է Ռոուհանին:

Որ այս իրադարձությունը աշխարհի ու հատկապես Իրանի համար ծանր հետևանքներ կունենա` ոչ ոք չի կասկածում: Մնում է հուսալ, որ միջուկային պայմանագրի կողմ մյուս երկրները, աշխարհի մնացած պետությունները, միջազգային կառույցները կկարողանան հաղթահարել ԱՄՆ-ի և տվյալ հարցում նրա հետ լիովին համամիտ Իսրայելի դիմադրությունն ու ճնշումները և հնարավորինս կմեղմեն ակնկալվող հետևանքների ծանրությունը: