Սերբիան գերադասում է անկախությունը

Արդի աշխարհում քիչ պետություններ կլինեն, որոնք իրենց անվտանգության հույսը կկապեն սեփական զինված ուժերի զորության հետ: Այժմ աշխարհում ռազմական հզոր դաշինքներին անդամակցելը համարվում է անվտանգության կայուն երաշխիք, իսկ ՆԱՏՕ-ն բաղձալի երազանք է հատկապես նախկին սոցիալիստական ճամբարի երկրների համար:

Սակայն երևում է` Սերբիան անվտանգությունից առավել սեփական անկախությունն է գերադասում: Այդ մասին մայիսի Մոսկվայում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Հաղթանակի օրը նա նույնպես Մոսկվայում է եղել, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հայտ չի ներկայացնում: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

- Սերբիան իր անկախությունը կպահպանի, Սերբիան իր ռազմական չեզոքությունը կպահպանի և Սերբիան մտադիր չէ դառնալ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև որևէ այլ ռազմական միության անդամ,- ասել է Վուչիչը:

Կայքում զետեղվել է նաև տեղեկանք, ըստ որի սերբերի մեծ մասը դեմ է եղել ՆԱՏՕ-ին իրենց երկրի անդամակցությանը: Անցկացված հարցման համաձայն` Սերբիայի բնակիչների 84%-ը չի ցանկանում, որ երկիրը դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցմանը մասնակցածների միայն 10 տոկոսը:
Եթե հիշենք, թե անցած տասնամյակներում Սերբիայի նկատմամբ ինչ դիրք էին բռնել ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և ինչպես բոլորը միաբերան ճանաչեցին Կոսովոյի անկախությունը` զարմանալի չի լինի, որ սերբերն այդ Դաշինքին չեն վստահում:

Առայժմ, իհարկե, նրանք կարող են իրենց անկախությունը պահպանել, սակայն եթե Դաշինքը շարունակի ծավալվել, և Սերբիան միայնակ կղզու նմանվի, ապա չի բացառվում, որ այնտեղ անդամակցության հարցին այլ կերպ նայեն: Չնայած` մինչ այդ շատ ջրեր կհոսեն, իսկ ջրերի հիմնական հատկությունը մաքրելն ու բարեբերություն հաստատելն է: