Մերկել. «Եվրոպան պետք է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնի»

ԱՄՆ-ԵՄ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՅԱ՞Լ Է ԴԱՌՆՈՒՄ

Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն այս օրերի ամենաքննարկվող և մտահոգող թեման է: Ինչպես հայտնի է՝ 2015թ. միջուկային համաձայնագիրը կնքվել էր մի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Դրա շնորհիվ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անհամեմատ մեղմացվել էին և մեր հազարամյա հարևանին հնարավորություն տվել իր դիրքերն ամրապնդել արդի աշխարհում:
 
Առայժմ միջուկային գործարքը պահպանելու վճռականություն են հայտարարում մնացած կողմերը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թվում է, դարակազմիկ հայտարարություն է արել՝ ուղղակիորեն խոսելով ԱՄՆ-ի հովանավորությունը թոթափելու անհրաժեշտության մասին: Ռուսական «Ինտերֆաքսը» մեջբերել է Եվրոպական լրատվամիջոցներում տարածված նրա խոսքը, որտեղ Գերմանիայի ղեկավարն ասում է. 
 
- Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը մեզ պարզապես պաշտպանում էր: Այդ իսկ պատճառով Եվրոպան պետք է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնի, և ապագայի մեր խնդիրը հենց դա է:
 
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը արդեն հայտարարել էր, թե Բեռլինում ընդունում են, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը շատ կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար, և իրենք կփորձեն այն պահպանել:
 
Կարծես թե մինչև հիմա չէր եղել մի դեպք, երբ Եվրոպական որևէ գերտերության առաջնորդ այսպես ճակատային խոսեր ԱՄՆ-ի հովանավորությունը թոթափելու և ինքնուրույն քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Սա արդյոք չի՞ նշանակում, թե Իրանի թնջուկը կարող է աշխարհում նոր վերադասավորումների պատճառ դառնալ: Թեև շատ ավելի հավանական է, որ ՆԱՏՕ-ի զորությամբ ԱՄՆ-ը Եվրոպային վերստին հարկադրի վարել նույն անդեմ քաղաքականությունը: 
 
Միջուկային գործարքը պահպանելու և պատժամիջոցների վերկանգնումը մերժելու կոչ է արել նաև ֆինանսների հարցերով եվրակհանձնակատար Պիեռ Մոսկովիսին: Եվրամիությունը, որի անդամներից երեքը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի միջուկային պայմանագրի կողմերից են, նույնպես ԱՄՆ-ի քայլն անընդունելի է համարում: 
 
- Եվրոպացիները պետք է մերժեն հետևանքները (նկատի ունի ԱՄՆ-ի որոշումը), որոնք բերում են թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛տնտեսական վնասներ: Նրանք պետք է համախմբեն իրենց ջանքերը, որպեսզի մնան միասնական, որպեսզի պատասխաններ գտնեն և մերժեն այդ միակողմանի պատժամիջոցները,- եվրահանձնակատարի ելույթն է հեռարձակել France3 հեռուստաալիքը: 
 
Մոսկովիսին նաև ասել է, թե միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առաջացել է «շատ խոր տարաձայնություն, որը չպետք է առանց հետևանքների մնա»: 
Այո, գնալով ավելի է մեծանում լարվածությունն աշխարհում, ու մանավանդ մեր տան դարպասների մոտ: