ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու առաջին հետևանքները

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումն ի սկզբանե շատ քննարկումների ու հուզումների տեղիք տվեց: Իսկ այժմ, երբ այն արդեն իրականացվել է, խոսվում է բազմաթիվ զոհերի ու տուժածների մասին:
 
Գազայի հատվածում զանգվածային ելույթները շարունակվում են մարտի վերջերից, իսկ մայիսի 14-ից դրանք նոր ուժով են բռնկվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողության պատճառով:
 
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում արդեն իսկ զոհվել է 52 պաղեստինցի, տուժել են ավելի քան 2000-ը: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորներին ընդունող հիվանդանոցներում սկսել են սպառվել դեղամիջոցները:
 
Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: Իսրայելցիները քաղաքի արևելյան հատվածը զավթել են 1967թ. պատերազմի ընթացքում ու պնդում են, թե Երուսաղեմը «Իսրայելի միակ և անտրոհելի» մայրաքաղաքն է: Իսկ պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արևելյան հատվածը իրենց համար պետություն դարձնել: ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը Իսրայելի համար ամենալավ առիթն է՝ պետության մայրաքաղաք Թել-Ավիվը «միակ և անտրոհելի» Երուսաղեմով փոխարինելու համար: Եվ ահա վերստին սրվում է իսրայելապաղեստինյան հակամարտությունը, որը տասնամյակներ շարունակ չի հանդարտվում: 
 
Իսրայելն ու Միացյալ Նահանգները «յուրաքանչյուր զոհի համար» մեղավոր են համարում պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամամետ խմբավորմանը, իսկ աշխարհի համարյա թե մնացած մասը Իսրայելին կոչ է անում դադարեցնել Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ բռնությունները և առնվազն հավանություն չի տալիս Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացելու որոշմանը: 
 
Այսպես, սահմանին տիրող բռնության ալիքի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Reuters գործակալությունը մեջբերել է նրա  պաշտոնական ներկայացուցչի խոսքը.
 
- Մենք մտահոգված ենք Գազայի հատվածում բռնության և մարդկային զոհերի մասին հաղորդումներով: Կոչ ենք անում հանգստություն պահպանել՝ խուսափելու համար խաղաղ գործընթացի նկատմամբ ապակառուցողական գործողություններից,- Թերեզա Մեյի կածիքն է փոխանցել նրա ներկայացուցիչը:
 
Ֆրանսիայից հայտնել են, որ հավանություն չեն տալիս Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանության տեղափոխելը համարում են միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում (այս մասին ասվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հաղորդագրության մեջ):
Իրենց դժգոհությունն արդեն հրապարակավ հայտնել են Ֆինլանդիան, Թուրքիան, Ճապոնիան և այլ երկրներ: Իսկ ահա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծիք է հայտնել, թե տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «շեշտում է հակամարտության քաղաքական լուծման հրատապ անհրաժեշտությունը»:
 
- Գլխավոր քարտուղարն ընդգծում է երկպետական լուծման այլընտրանքի բացակայությունը, որի դեպքում Պաղեսինն ու Իսրայելը պետք է կողք կողքի խաղաղ ապրեն, և նրանցից ամեն մեկը պետք է Երուսաղեմում մայրաքաղաք ունենա,- ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: