Իսրայելի գործողությունների ամենաբոցաշունչ դատապարտողը

ԷՐԴՈՂԱՆԸ ԳԵՐՀԶՈՐՆԵՐԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ

Գազայի հատվածում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները (որոնց պատճառը ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելն է) Թուրքիայի նախագահ Էրդողանին առիթ են տվել իր հավատակիցներին համոզելու, թե որքան է նրանց շահերը սրտին մոտ ընդունում ու ինչ զոհողությունների է պատրաստ հանուն նրանց:
 
Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ նա բացահայտում է, թե ինքն ինչերի է պատրաստ՝ հանուն իսլամական աշխարհում գերիշխող դիրքի տիրանալու:
 
Հրապարակային ելույթներից բացի, Թուրքիայի նախագահն իր բարկության շանթուկրակը թափել է նաև սոցցանցերում, որտեղ նա Իսրայելի վարչապետին մեղադրել է ազգային խտրականության քաղաքականություն վարելու և պաղեստինցիների դեմ հանցագործությունների համար:
 
- Նաթանյահուն վարչապետն է ազգային խտրականության երկրի, որը 60 տարի է՝ զավթել է անպաշտպան մարդկանց հողերը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը: Նրա ձեռքերին պաղեստինցիների արյունն է, և նա չի կարող ծածկել հանցագործություները՝ հարձակվելով Թուրքիայի վրա: Ցանկանում եք մարդկայնությո՞ւն սովորել: Կարդացեք տասը պատվիրանները,- «Թուիթերում» խրատաբանել է Հայոց ցեղասպանությունն իրագործած և հայրենազրկված հայերի հողը մինչև օրս իրենը հռչակող երկրի ղեկավարը: 
 
Դե, իսկ Թուրքիայում ազգային խտրականություն հնարավոր էլ չէ՝ չէ՞ որ այդ երկրի քաղաքացին թուրք կոչվելուց բացի այլ տարբերակ չունի: 
 
Այժմ Անկարայի և Թել-Ավիավի միջև դիվանագիտական իսկական ճգնաժամ է: Անկարան Իսրայելի դեսպանին հայտնել է, թե ցանկալի է, որ նա Թուրքիայի տարածքից հեռանա: Դիվանագետին նաև տեղեկացրել են Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանին խորհրդատվության նպատակով հետ կանչելու մասին: Իսրայելն իր հերթին Թուրքիայի գլխավոր հյուպատոսից պահանջել է հեռանալ իր սահմաններից: 
 
Մայիսի 14-ին պաղեստինցիների բողոքի գործողության ժամանակ Գազայի հատվածի սահմանին իսրայելական զինվորները կրակ էին բացել մասնակիցների վրա, որը, ըստ վարչապետի, արվել է անվտանգության նկատառումներով: Կրակոցներից զոհվածները թիվը հասել է 61-ի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել: 
 
Իրավիճակի պատճառով Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ պաղեստինցիների հանդեպ նրա գործողությունները՝ ցեղասպանություն: Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետը Թուրքիայի նախագահին մեղադրել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորմանն աջակցելու համար և կոչ արել իրենց «բարոյականության դասեր չտալ»:
 
Մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում զոհվածների հիշատակին լռության րոպե է հայտարարվել: 
 
Թե ինչ ավարտ կունենան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա: Իսկ դրանց համապատկերին Թուրքիան փորձում է տարածաշրջանի խաղաղության հրեշտակը ձևանալ՝ անգամ իր վաղեմի սերտ դաշնակիցներ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացնելու գնով: Բայց եթե նա պատրաստ է նման գին վճարել, նշանակում է հույս ունի ձեռք գցել շատ ավելին: Հուսահատեցնողը միայն այն է, որ աշխարհի գերհզորներին բարոյականության դասեր տվող է դարձել Թուրքիան՝ իր ցեղասպան անցյալով և մինչև վերջին միլիմետրը զավթած տարածքներով: