ԵՄ-ն ամրոց չէ, սակայն…

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇԵՆԳԵՆՅԱՆ ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Եվրամիության երկրներում պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Բրյուսելում երեկ քննարկել են Շենգենյան այցագրային համակարգի արդիականացման խնդիրները:

Եվրահանձնաժողովն առաջարկել է նշանակալիորեն խստացնել տվյալների ստուգման և վերահսկողության մեխանիզմները: Այդ մասին հայտարարել է ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար  Դիմիտրիս Ավրամոպուլոսը` ներկայացնելով դրա վերաբերյալ առաջարկները:
 

- Ամեն տարի միլիոնավոր մարդիկ, ովքեր Եվրամիության քաղաքացիներ չեն, ԵՄ են մուտք գործում առանց այցագրերի` լինի կարճ, թե երկար ժամկետով: Մենք մտադիր ենք արդիականացնել մեր այցագրային տեղեկատվական համակարգը, վերացնել մեր բազաների կույր բծերը և այցագրային մարմինների ու սահմանապահներին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց աշխատանքը: Հանցագործներն ու հնարավոր ահաբեկիչները չպետք է հնարավորություն ունենան Եվրոպա ներթափանցել աննկատ: ԵՄ-ն ամրոց չէ, սակայն մենք պետք է իմանանք, թե ով է անցնում մեր սահմանը,- հայտարարել է եվրահանձնակատարը:

ԵՀ-ն իր առաջարկություններում չորս ելակետ է ներառել. օրինակ, այցագրի համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք մտցվել են Շենգենի տվյալների բազա, ինքնաբերաբար համեմատվելու են քրեական ոստիկանության, հակաահաբեկչական և ներգաղթի ծառայությունների տվյալների հետ: Այդ համակարգը պետք է հնարավորություն ունենա նաև նույնացնելու անձին, որը փաստաթղթեր  է ներկայացրել տարբեր անուններով: Իսկ թե դա ինչպես պետք է արվի` երեկ Բրյուսելում չի հստակեցվել:

Շենգենյան այցագրային համակարգի արդիականացման գործընթացը սկսվել է մի շարք աղմկահարույց դեպքերից հետո, երբ հետաքննվում էին 2015թ. և 2016թ. Փարիզում ու Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկությունները: Հենց այդ ժամանակ էլ պարզել են, որ այդ ահաբեկությունների նախապատրաստությամբ զբաղված որոշ մարդիկ, ծայրահեղական գործունեության կասկածանքով արդեն իսկ որոնման մեջ լինելով Եվրամիության տարբեր երկրներում` կեղծ փաստաթղթերով Սիրիա են գնացել և հետ եկել:

Համակարգի այս արդիականացումը, իհարկե, շատ ազնիվ մարդկանց համար դժվարություններ կհարուցի, սակայն եթե պայմաններ ստեղծի, որ կանխվեն ահաբեկությունները, բոլորը միայն ուրախ կլինեն: Հայաստանն այսպես կոչված Շենգենյան գոտու երկրներից չէ, սակայն Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումն ի վերջո կհանգեցնի այցագրային առավել ազատ կարգի: