Եվրոպան դուրս չի գալիս Իրանի հետ միջուկային գործարքից
Այս շաբաթ պարզ դարձավ, որ Իրանի հետ միջուկային պայմանագրում մնում է նաև եվրաեռյակը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան: ԵՄ-ում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում նման որոշում են կայացրել կառույցի պատասխանատուները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ կարծիք է հայտնել, թե գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալը, հնարավոր է՝ օգտակար լինի Ռուսաստանի և Չինաստանի ձեռնարկությունների համար: Եվ ընդգծել է՝ այդպես կլինի միայն կարճաժամկետ հեռանկարում:
- ԱՄՆ-ի գործողությունները կարող են ծառայել չինական և ռուսական ընկերությունների շահերին: Մեր գերակայություններն առնչվում են ոչ թե առևտրին, այլ նախ և առաջ նրան, որ խուսափենք տարածաշրջանի իրավիճակը բորբոքելուց և նպաստենք կայունությանն ու Իրանի առավել բաց լինելուն,- հայտարարել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ այդ տեսանկյունից «Իրանի հետ միջուկային գործարքը ճիշտ ընթացք է ունեցել»՝ սկսած ամենասկզբից՝ 2015թթ.: Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Իրանի հարցը եկող շաբաթ Ռուսաստանում քննարկելու է նաև նախագահ Վլադիդմիր Պուտինի հետ, իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ զրույցում արդեն իսկ շոշափել է իրավիճակը, որն ստեղծվել է համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ խոսել է այն մասին, որ Բեռլինն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Իրանին փոխհատուցելու հնարավորությունը:
- Իրանի վերաբերյալ համաձայնագրի կապակցությամբ իրադրությունն այնպիսին է, որ մենք կարող ենք քննարկել՝ կարո՞ղ ենք որոշակի արտոնություններ տալ փոքր և միջին ձեռնարկություններին: Այժմ դա ենք ուսումնասիրում: Միայն թե չպետք է պատրանքներ ունենանք, թե կկարողանանք ամբողջ արդյունաբերությանը համապարփակ կերպով փոխհատուցել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների հետևանքները,- մայիսի 17-ին Սոֆիայում լրագրողներին ասել է Մերկելը:
Այսպիսով՝ Սոֆիայում արձանագրվել է, որ Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալով՝ Միացյալ Նահանգները գոնե առայժմ իր նպատակներին չի հասնում: Նրա շահերի հակառակ բևեռում տեղավորված Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը դեռևս պահպանում են զարգանալու, իրենց դիրքերն ամրապնդվելու հնարավորությունները: Ինչպես մեր օրերում են սիրում քաղաքական գործընթացների վերաբերյալ ասել՝ գնդակը հիմա ԱՄՆ-ի դաշտում է, և նա կփորձի Եվրոպային խրատել ու վերստին իր շահերի դաշտում խաղացնել: