Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե կլինի՞

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ նրանից անկախանալու տրամադրություններ են շրջանառվում Շոտլանդիայում: 2014թ. անկախության հանրաքվեն Միացյալ Թագավորության այս վարչաքաղաքական միավորին անկախություն չբերեց` ընտրողների 55%-ը գերադասել էր Էդինբուրգի և Լոնդոնի հարաբերությունները նույնը թողնել:

Սակայն ինչպես երևում է` հարցը դեռևս փակված չէ: Մայիսի 20-ին այն վերստին արծարծել է Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթարջենը: Նա հայտարարել է, թե հարցը վերստին կքննարկվի, երբ հայտնի դառնան Brexit-ի պայմանները:

- Հենց որ Brexit-ի արդյունքները և Միացյալ Թագավորթյան ու Եվրամիության հարաբերությունների ապագան որոշ չափով պարզ լինեն, որը, ինչպես մենք մտածում ենք, տեղի կունենա այս տարվա աշնանը, այդ դեպքում ես նորից կդիտարկեմ անկախության հանրաքվի անցկացման ժամկետների հարցը,- ITV հեռուստաընկերության եթերում ասել է տիկին Սթարջենը:

Նա նաև հավելել է, թե մտադիր չէ առայժմ դրա վերաբերյալ իր ծրագրերի մանրամասների մեջ խորանալ: Այդուհանդերձ` հնարավոր է համարել, որ իր կուսակցությունը առաջիկա մի քանի շաբաթում կթարմացնի քնարկումներն այն մասին, թե ինչ հեռանկարներ կբացի անկախությունը Շոտլանդիայի համար:

- Ես կարծում եմ` այժմ Շոտլանդիայում պետք է մտածեն, թե ինչպես կարելի է օգտվել հնարավորություններից, որոնք մեզ սպասում են առջևում: Այդ պատճառով էլ քննարկումներն առավելագույնս հիմնված են լինելու հավակնությունների ու հույսերի, այլ ոչ թե հիասթափությունների վրա,- ընդգծել է կուսակցապետը:

Դեռևս 2017թ. Սթարջենը խոսել էր 2018թ. աշնան և 2019թ. գարնան միջակայքում Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտութան մասին: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից լիովին դուրս կհամարվի 2019թ. մարտի վերջին: Նա նաև կարողացել էր ապահովել Շոտլանդիայի խորհրդարանի աջակցությունը, սակայն 2017թ. հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական  ընտրությունները կարծես թե խառնել են նրա հաշիվները: Շոտլանդիայի ազգային կուսակցությունն իր 56 մանդատից 21-ը կորցրել է: 

Բնականաբար` վերլուծաբանները կարծում են, թե նման արդյունքն ուղղակիորեն առնչվում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ Սթարջենի գործուն քարոզչությանը: Իսկ սա ցույց է տալիս մեկ բան` եթե անգամ ՇԱԿ-ի նախաձեռնությամբ Շոտլանդիայում մի նոր անկախության հանրաքվե անցկացվի, արդյունքը վերստին բացասական կլինի: Չի բացառվում, որ շոտլանդացիների համար դաս ծառայի նաև Կատալոնիայի անհաջող փորձը, որի անկախության հանրաքվեն մնաց չճանաչված: