Պյոտր Պորոշենկոյի առաքելությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դարձյալ բոցաշունչ ելույթ է ունեցել, և այս անգամ նրա խոսքի պաթոսն ուղղված է եղել ազգային հիշողության վերականգնման և խորհրդառուսական գաղափարախոսության մնացուկներից պետությունը մաքրելու գործում իր առաքելությանը:

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Պորոշենկոն նշել է, թե այսօր Ուկրաինան հետևողականորեն վարում է «ազգային հիշողության վերականգնման ու պահպանման», նաև «մարդասիրության և ժողովրդավարության պահպանման» քաղաքականություն: Նա հայտարարել է, թե այդ ուղղությամբ շարունակելու է աշխատել «ճիշտ այնքան, որքան ուժ կտա Տեր Աստված»:

- Իմ առաքելությունը, որում ես զգում եմ ուկրաինական ժողովրդի մեծամասնության աջակցությունը, հետևյալն է` անել այնպես, որպեսզի Ուկրաինան անշրջելի կերպով դուրս գա Ռուսական կայսրության ձգողականության մահացու գոտուց,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերել УНН պարբերականը:

Ու նաև ասել է, թե Ուկրաինան հաստատակամորեն դուրս է գալիս ռուսական ազդեցությունից: Սա էլ երևի պետք է ընկալել որպես սեփական առաքելության հաջող իրականացման գրավական: Այդ ելույթից առաջ նա արդեն ուկրաինացիների պայքարի օրինակներ էր համարել ազգային օրացույցի փոփոխությունները, աշխարհագրական վայրերի անվանափոխությունը և Լենինի արձանների հեռացումը:

Բնականաբար` պարսավելի ոչինչ չկա ինքնուրույնանալու, կախումից ձերբազատվելու,  ազգային հիշողությունը վերականգնելու քաղաքականություն վարելու մեջ: Ու ոչ էլ կասկած կա, որ խորհրդային տարիներին Ռուսաստանը փորձում էր սեփական շրջանակների մեջ առնել ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունները և հիշողությունների ու զարգացման գործում միակ թելադրողը լինել: Ու դեմ չէ նույնն անել նաև այսօր` եթե առաջվա պես դրա հնարավորությունն ունենա:

Միայն թե գրեթե միշտ հետխորհրդային երկրների ժողովուրդները մի ծայրահեղությունից գլխապատառ նետվում են մյուս ծայրահեղության գիրկը: Ամբողջովին մերժելով ամենայն ռուսականը` նրանք գլխապատառ նետվում են դեպի հակառակ բևեռ` որդեգրելով իրենց ո՛չ բնորոշ, ո՛չ էլ օգտակար գաղափարներ ու մշակույթ, ապրելակերպ ու մտածողություն:

Իսկ մեր օրերում այնքան հեշտ է ցանկացած գաղափար տարածել ու տարփողել, ներմուծել զանգվածների ուղեղն ու նրանց համար գործելակերպ դարձնել, որ ամեն մի վրիպում կարող է կործանարար լինել: Ցավոք` Ուկրաինայի ռուսատյացությունն այսօր շատ նման է Ադրբեջանի հայատյացությանը, պարզապես պատճառներն են միանգամայն այլ: Իսկ ատելությունը մի բան է, որից դժվար թե բարիք ծնվի: