Աշխատում են Վրաստանը ՆԱՏՕ-ին միացնելու ուղղությամբ

ՆԱՏՕ-ին անդամակցելու` մեր հարևան Վրաստանի ձգտումն ակնառու է, Միացյալ Նահանգներից էլ արդեն հնչել է հավանության ազդանշանը: Այս օրերին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շուրթերից մի շարք պետությունների վերաբերյալ միայն սպառնալիքներ ու պատժամիջոցների ազդարարություններ են հնչում, նա Վրաստանի մասին ամենաբարեկամական շեշտադրումներով է խոսում:

Մայիսի 23-ին Պոմպեոն հայտարարել է, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին միացնելու ուղղությամբ Միացյալ Նահանգներն աշխատում է:
 

- Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք աշխատում ենք այն ՆԱՏՕ-ին միացնելու ուղղությամբ,- այս խոսքերը Պոմպեոն ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային գործերով հանձնաժողովում` ելույթ ունենալով կոնգրեսականների առջև:

Վաշինգտոնում ելույթ է ունեցել նաև Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Նա էլ  հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելու ճանապարհին Վրաստանը զգալի առաջընթաց է ապահվել և հույս ունի, որ Դաշինքի հուլիսյան գագաթնաժողովում այդ փաստը կամրագրվի պաշտոնապես: Ջանելաձեի խոսքով` վերջին 10 տարում փոփոխություններ են արվել երկրի քաղաքական և ռազմական ոլորտներում: Վրաստանի համար, ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի` ՆԱՏՕ-ն «տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորն է»:

ՆԱՏՕ-ի վերոհիշյալ գագաթնաժողովը նշանակված է հուլիսի 12-ին Բրյուսելում, և ըստ երևույթին այնտեղ Վրաստանին առնչվող որոշումներ կկայացվեն: Ոչ մի կասկած, որ Վրաստանը հույս ունի այդ դաշինքին անդամակցելով` իր կազմ վերադարձնել իրենից անջատված ազգային ինքնավարությունները:

Ժամանակին խորհրդային երկիրն առատորեն Վրացական ԽՍՀ-ի կազմում էր ընդգրկել բոլոր հարակից տարածքները` այդ թվում հայությունից պոկված Ջավախքն ու որոշ շրջաններ: ԽՍՀՄ-ը չկա, ու հիմա անկախ պետությանը մեկ այլ հովանավոր է անհրաժեշտ` ձեռք բերածը պահելու համար:

Իհարկե, դեպի Արևմուտք Վրաստանի ձգտումն անպատասխան չի մնում. Արևմուտքն էլ այնտեղ իր շահերն ունի: Հայաստանում ոմանք նախանձով են հիշում Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանը, երբ արմատախիլ արվեց կոռուպցիա կոչվող երևույթը: Միայն թե շատ քչերը գիտեն, որ դրա համար մեր հարևանները պարտական են հատկապես Միացյալ Նահանգներից ստացված մեծ գումարներին, որոնց շնորհիվ պաշտոնյաների աշխատավարձը բազմապատկվել էր: Բայց չէ՞ որ հայտնի խոսք է` ձրի պանիրը միայն թակարդում է լինում...

Հայաստանի համար կայուն, անվտանգ, ինքնիշխան Վրաստանը լավագույն պարգևը կլինի: Միայն թե սա այնքան էլ իրատեսական հեռանկար չի թվում` նկատի ունենալով Արևմուտքի հետ նրա հարաբերությունների բնույթը և նրա տարածքում տերուտնօրինություն անող թուրքադրբեջանական զանգվածները: