Նազգուշական քայլեր՝ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների դեմ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՌԱՏԵՍ Է ՈՒ ԽՈՐԱՄԱՆԿ

Թուրքիայում քննարկում են ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն ռուսական Սու-57 ինքնաթիռներ գնելու հնարավորությունը: Լուրը տարածել են թուրքական լրատվամիջոցները: Մասնավորապես Yeni Safak պարբերականը նշել է, թե Թուրքիան մտադիր է նման որոշում ընդունել, եթե Միացյալ Նահանգները F-35 կործանիչների մատակարարումն արգելափակի՝ պատճառ բերելով ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը:
 
- Անկարան մտադիր չէ հրաժարվել իր իրավունքից՝ ձեռք բերել ինքնաթիռներ, որոնք պետք է ստանար հունիսին,- նշվում է հրապարակման մեջ:  
 
ՌԴ-ի հետ այդ գործարքի համար Թուրքիային բազմիցս քննադատել են Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը, օրինակ, հայտարարել է, թե С-400-ը ձեռքբերումը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիային ամերիկյան F-35-ներ մատակարարելու գործի վրա: Սրան ի պատասխան՝ թուրք արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է, որ Անկարան Վաշինգտոնի դեմ պատասխան քայլեր կձեռնարկի՝ եթե այդ կործանիչների մատակարարումն արգելափակվի: 
 
Սակայն ամերիկյան կործանիչների փոխարեն ռուսականները ձեռք բերելը միակ նախազգուշական քայլը չէ, որ Անկարան ձեռնարկում է: Այնտեղ լավ են գիտակցում, որ ԱՄՆ-ի իր սովորության համաձայն կդիմի պատժամիջոցների: Ահա և թուրքական գանձատունը ԱՄՆ-ից Շվեյցարիա և Անգլիա է տեղափոխել 19 տոննա ոսկի: Շվեցարական BZ Basel կայքի փոխանցմամբ՝ Բազելի միջազգային բանկը Ֆորթ-Նոքսից արդեն ստացել է բեռը: Այս բանկում որևէ լիազորություն չունի անգամ շվեցարական ոստիկանությունը: Ընդ որում՝ Թուրքիային նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման առավել հավանական պատճառ է համարվում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու հնարավորությունը:  
 
Ակնհայտ է, որ աշխարհում ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում: Թուրքիան մեկ ձգտում ունի՝ ընդարձակվել՝ որքան կհերիքեն ուժը, խորամանկությունը, նենգությունը, այլոց թուլությունը… Իսկ թրքալեզու աշխարհը, որը նրան սվիններով չի դիմավորի, տարածվում է Ռուսաստանի հարևանությամբ: Ու քանի որ Եվրամիությունն էլ չի շտապում մուսուլմանական հսկայական բռնապետությունն իր գիրկն առնել, ուրեմն ինչու հիմա չշոյեն ռուսների փառասիրությունը՝ հարմար պահին նրանց անհրաժեշտ հարվածը հասցնելու և նաև Ռուսաստանի հաշվին ընդարձակվելու անշեղ մտադրությամբ: