Բողոքի հակընդդեմ ցույցեր Գերմանիայում

ՄԵԿԸ ԴԵՄ Է ԵՐԿՐԻ ԻՍԼԱՄԱՑՄԱՆԸ, ՄՅՈՒՍԸ՝ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Կիրակի օրը Բեռլինում ցույցի է դուրս եկել ավելի քան 25 հազար մարդ: Ընդ որում՝ նրանց մեկ հինգերորդը պահանջել է մի բան, որին խիստ դեմ է եղել մնացած 20 հազարը:
 
Ինչպես հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ հինգհազարանոց ցույցը կազմակերպել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ կուսակցությունը: «Ապագա հանուն Գերմանիայի» կարգախոսով նրանք պահանջել են վերանայել ներգաղթի քաղաքականությունը և դադարեցնել երկրի «իսլամացումը»: Դե, իսկ մնացած ցուցարարները դեմ են եղել սրանց և ընդհանրապես ռասայական անհանդուրժողականությանը:
 
Գերմանիայի մայրաքաղաքի տարբեր թաղամասեր են նման գործողությունների հրապարակ դարձել, իսկ գլխավոր բողոքն արտահայտվել է Ռայխստագի առջև:
 
Այս ամենի պատճառը այն է, որ անցած շաբաթ ԱԳՀ-ն Սահմանադրական դատարանին բողոք է հայտնել կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Կուսակցությունում համարում են, որ կառավարությունը ներգաղթի քաղաքականությունը մշակելիս խախտել է օրենսդիր գործընթացին բունդեսթագի մասնակցության իրավունքը և պահանջում են վերանայել Ավստրիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ Մերկելի որոշումը, որը տեղի է ունեցել 2015թ սեպտեմբերին:
 
Գերմանիայում ներգաղթի խնդիրն այնքան սրված է, որ 2017թ. ընտրարշավի գլխավոր թեմաներից մեկը հենց ներգաղթի քաղաքականությունն է եղել, ինչն էլ դարձել է նաև ԳԴՀ-ի նոր կառավարության կազմավորման գործընթացի հիմնական գործոններից մեկը: Մայիսի 28-ին Բեռլինում բողոքի գործողություն ձեռնարկած կուսակցության առաջնորդները խոստացել են, որ հետաքննություն կսկսեն Մերկելի «բաց գռների քաղաքականության» դեմ և կձգտեն հասնել համապատասխպան օրենքների վերանայմանը: 
 
Բողոքի այս գործողությունները շարունակություն կունենա՞ն, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա: Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Եվրոպան խեղդվում է իրեն խորթ ու համարյա իր հետ համակերպվելու ցանկություն չունեցող ամենատարբեր ներգաղթյալների առատությունից, և նման բողոքներ դեռ շատ կլինեն: Սակայն այն հանգամանքը, որ Բեռլինում այս անգամ բողոքողների դեմ դուրս եկողները հնգապատիկ ավելի էին՝ հուշում է, որ գոնե գերմանացիները այսրոպեական խնդիրներից այն կողմ որևէ բան տեսնելու ցանկություն չունեն: Իսկ ահա հատկապես մահմեդականություն դավանող եկվորները փորձում են իրենց ու իրենց սերունդների ապագան կառուցել բարգավաճ ու հզոր Եվրոպայում:
 
Այլ հարց է, թե այդ ապագան որքան նման կլինի այսօրվա եվրոպականին: