ԱՄՆ-ը Եվրոպայի համար անհուսալի գործընկե՞ր է դառնում

Մինչ Միացյալ Նահանգներում զբաղված են Հյուսիսային Կորեայի նախագահի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման ձգձգումներով, Եվրոպայից հնչում են  հայտարարություններ, որոնք հազիվ թե գոհացնեն արևմտյան կիսագնդի գերտերությանը: Իսկ նման հայտարարություններ եղել են թե՛ Վիեննայից, թե՛ Բրյուսելից:

Այսպես, «Ֆայնենշլ թայմս» թերթը հարցազրույց է հրապարակել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, որտեղ նա ասում է, թե ԱՄՆ-ը Եվրոպական միության համար անհուսալի գործընկեր է դարձել: Ընդ որում, լրատվամիջոցն այդ խոսքերը գնահատել է որպես քննադատություն` նախագահ Թրամփի հասցեին:

- ԱՄՆ-ը մեզ համար գնալով ավելի ու ավելի անհուսալի է դառնում: Ամենակարևորն այն է, որ Եվրոպան միասնական մնա,- նշել է նա:

Սա դեռ քիչ է, Ավստրիայի կանցլերը նաև հանդես է եկել Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների օգտին` նշելով, թե դա անհրաժեշտ է նախ և առաջ Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունները հանդարտեցնելու համար:

Իսկ ահա Բրյուսելում խոսվել է Իրանի հետ Եվրամիության երկրների հետագա հարաբերությունների ոլորտից:

Եվրամիությունը մտադիր է հատուկ մեխանիզմներ ներդնել, որպեսզի պաշտպանի Իրանում արված տնտեսական ներդրումները, ինչի անհրաժեշտությունն առաջացել է Թեհրանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին` մայիսի 28-ին ամփոփելով ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

- Մենք որոշել ենք շարունակել մեր ջանքերը, որպեսզի միջոցներ ձեռնարկենք պաշտպանելու մեր տնտեսական ներդրումներն Իրանում: Անդամ երկրները նաև պատրաստ են դրանք ապահովող մեխանիզմներ մշակել,- ասել է Մոգերինին:

Բանախոսն ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը նպաստում է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությանը:

- Մենք ԱՄՆ-ի հետ համամիտ ենք որոշ անհանգստացնող հանգամանքների առնչությամբ: Սակայն հենց սկզբից ԵՄ առաջնորդները, ապա և նախարարները միասնական եղան այն հարցում, որ մեր անհանգստությունները փարատելու լավագույն միջոցը համաձայնագիրը պահպանելն է: Դա լավագույն միջոցն է` խուսափելու նրանից, որ Իրանն իր միջուկային ծարգիրը զարգացնի,- պարզաբանել է ԵՄ պաշտոնյան: