Չեխիան Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն է բացել

Ո՞Ր ԵՐԿԻՐԸ ԿՀԱՋՈՐԴԻ ՆՐԱՆ

ԱՄն դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո այնտեղ պատվավոր հյուպատոսություն է բացել նաև Չեխիան: Ավելին, Պրահայում քննարկվում է Թել-Ավիվում գտնվող դեսպանատունը ևս Երուսաղեմ փոխադրելու հարցը:
 
Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխելուն կողմնակից է հանրապետության նախագահ Միլոշ  Զեմանը, ով այդ գաղափարն առաջ է քաշել դեռևս 5 տարի առաջ:
 
Իսկ առայժմ, ինչպես տեղեկացնում է Mlada fronta Dnes լրագիրը, Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն է բացվել և պատվավոր հյուպատոս է նշանակվել չեխական ծագում ունեցղ ձեռներեց Դան Պրոպերը: Ըստ աղբյուրի՝ տվյալ հաստատության բացումը կապվում է նախ և առաջ տնտեսական համագործակցության հեռանկարների հետ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը, ինչպես լրագրողներին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Երուսաղեմում կբացվի նաև «Չեխիայի տուն» կենտրոնը, որն իրականացնելու է մշակութային տեղեկատվական գործընթացներ և դառնալու է չեխ-իսրայելական առևտրային և մշակութային փոխանակության վայր: 
 
Պաղեստինը, սակայն, դեռևս չի հաշտվում Երուսաղեմի կարգավիճակի փոփոխության հետ և և արդեն հայց է պարտաստում, որպեսզի  ՄԱԿ-ի միջազգային դատարանում հանդես գա Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահանգների որոշման դեմ: 
 
- Պաղեստինի ղեկավարությունը կդիմի Միջազգային դատարան: Ամերիկյան վարչակազմի  դեմ հայցը պատրաստ կլինի մոտակա օրերին,- հատուկ հանձնաժողովի նիստին հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Սայիբ Արաքիտը: 
 
Հիշեցնենք, որ Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գլխավոր խնդիրներից է: Իսրայելցիները քաղաքի արևելյան մասը զբաղեցրել էին 1967թ. պատերազմի ընթացքում և պնդում են, թե Երուսաղեմը Իսրայելի «միասնական և անբաժանելի» մայրաքաղաքն է: Իսկ պաղեստինցիներն իրենց հերթին մտադիր են քաղաքի արևելյան հատվածը դարձնել իրենց ապագա պետութան մայրաքաղաքը: Թերևս չի բացառվում, որ պատրաստվող հայցում Չեխիան նույնպես հիշատակվի: Սակայն ինչպես երևում է՝ ԱՄՆ օրինակը վարակիչ է եղել, և տարբեր պետություններ կսկսեն Երուսաղեմում ծավալել այնպիսի գործունեություն, ինչն առավել կլարի տասնամյակներ շարունակ չհանդարտվող իրավիճակը, որն առաջացել է Իսրայել պետության ստեղծման հետևանքով:   
 
Այդ հետևանքներից մեկն է նաև այս օրերին Գազայի հատվածում տեղի ունեցողը: Աշխարհի լրատվամիջոցներն ահազանգում են, որ իսրայելական զինվորականները և պաղեստինյան գրոհայինները այնտեղ բազմաթիվ հարվածներ են փոխանակել՝ ներքաշվելով վերջին չորս տարվա ամենախոշոր դիմադրության մեջ: Ու նաև բարեբախտություն են համարում, որ այդ հարվածներն առայժմ առանց զոհերի են ընթանում, ինչն էլ հույսեր է ներշնչում, թե դեռևս հնարավոր է խուսափել հերթական խոշոր պատերազմից: