Իսկ Արցախի մասին մոռացե՞լ են

ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՄԱՐ ՀՅՈՒՍԻՍԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆԿԱԽ ԵՆ

Պատերազմող Սիրիան ճանաչել է հյուսիսկովկասյան երկու վարչական միավորների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Նաուրուից, Վանուատուն և Տուվալուից հետո Սիրիան դարձել է յոթերորդ պետությունը, որը դիվանագիտական նման քայլ է արել, որը, հավանաբար նաև նրա երախտիքն է Ռուսաստանին:
 
Տեղեկությունը տարածել են կողմերի արտգործնախարարությունների պաշտոնական կայքերը՝ հայտարարելով, որ հանձն են առնում հավատարիմ լինել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ձգտել համագործակցության: 
Սիրիայի կառավարությունը քանիցս հայտարարել է, որ ռուսական զորքն իր հրավերով է իրենց պետությունում և օգնում է երկիրը մաքրել ահաբեկիչներց: Այնպես որ՝ նրանց այս քայլը կարելի է դիտել որպես երախտագիտություն Մոսկվայի հանդեպ: 
 
Կատարվածին անմիջապես արձագանքել է Վրաստանը և հայտարարել, թե սկսում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց: 
Թե որքանով Վրաստանի նման մի պետության հետ հարաբերություննների խզումը կվնասի Սիրիային, որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, դժվար է ասել: Սակայն դժվար չէ կռահել, որ «Վրաստանի տարածքային ամբողջականության» ջատագով կազմակերպություններն ու պետությունները չեն վարանի նրան քննադատել: Իսկ որ տարածքային ամբողջականության միջազգային դրույթն արդեն իրեն լիովին սպառել է ու կայծքար դարձել բազմաթիվ թեժ կամ մխացող օջախների  համար, դժվար չէ նկատել մոլորակի իրավիճակին թեկուզև թռուցիկ հայացք նետելով: 
 
Սիրիայում, իհարկե, լավ գիտեն նաև Արցախի տեղը: Տեսնես նրանց ի՞նչն է խանգարել՝ արդարացիորեն ճանաչել նաև հայկական երկրորդ պետության անկախությունը: Հնարավոր է՝ մտածել են, թե դրա պահը դեռևս չի հասել կամ էլ որ Հայաստանից անկախ Արցախ չպետք է լինի...