Թուրքիան ԱՄՆ-ի դեմ այլ «հաղթաթղթեր» ևս ունի

Որքան էլ Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում պատրաստվում են արտահերթ ընտրությունների, աչքաթող չեն անում նաև արտաքին քաղաքականության խնդիրները: Այնտեղ այս օրերին հատկապես «թունդ» են արտահայտվում իրենց վաղեմի դաշնակից Միացյալ Նահանգների նկատմամբ:
 
Ամերիկյան կործանիչ ինքնաթիռների փոխարեն ռուսականները գնելու սպառնալիքից հետո այժմ էլ ԱՄՆ-ին սպառնում են նրա համար փակել Ինջիրլիք օդային հենակետը: Այդ մասին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 
Թուրք պաշտոնյան պարզաբանել է, թե դրա պատճառը Վաշինգտոնի ոչ բարեկամական քաղաքականությունն է իրենց հանդեպ: 
 
- Մենք ձգտում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավել: Որպեսզի դրանք կարգավորվեն, ԱՄՆ-ը պետք է քայլ անի Մանբիջի վերաբերյալ, Գյուլենին հանձնելու ուղղությամբ, կան նաև այլ խնդիրներ: Երբ խոսքն այս մասին է, մեր ժողովուրդն ասում է՝ Փակեցեք Ինջիրլիք, Քյուրեջիք հենակետերը: Մեր ձեռքին այլ հաղթաթղթեր ևս կան: ԱՄՆ-ը չպետք է կորցնի այնպիսի դաշնակցի, ինչպիսին մենք ենք: Սպասում ենք, որ ԱՄՆ-ն իր սխալ քայլերից հետ կկանգնի,- ասել է Չավուշօղլուն:
 
Նա նշել է, թե հույսեր կան Մամբիջի խնդիրը լուծել ճանապարհային քարտեզի օգնությամբ, որը կհամաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ: 
 
- Սակայն եթե մեր հույսերը չարդարանան, ապա Թուրքիան կարող է իր ուժը ցույց տալ:Մենք անկախ երկիր ենք, և այս կամ այն քայլը կկատարենք մեր հայեցողությամբ,- բացեիբաց սպառնացել է նա:  
 
Նույն հարցազրույցի ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Մանբիջի վերաբերյալ իրենց ծրագրերի մասին: Ըստ նրա՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) ջոկատների քրդական խմբավորումները Սիրիայի Մանբիջ քաղաքը կթողնեն մինչև ամառվա վերջը:  
 
- ԺԻՈՒ-ն Մանբիջից կհեռանան մինչև ամառվա վերջը: Անցումային փուլում քաղաքում կառավարում կիրականացնեն թուրք-ամերիկյան ստորաբաժանումները: Այնուհետև քաղաքի վերահսկողությունը կանցնի տեղական բնակչության ձեռքը,- ասել է նա:
 
Թուրքիայի ու Միացյալ Նահանգների տարաձայնության հիմնական պատճառն էլ հենց քրդական ուժերն են, որոնց մեր հարևան պետությունում ահաբեկիչներ են համարում, իսկ մյուս կիսագնդի պետությունում աջակցում են նրանց: Սակայն, հիշելով, թե որքան քիչ աջակցություն ստացան քրդերը Աֆրինի իրադարձությունների ժամանակ՝ կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում ունեցած իր շահը քրդերի բարօրությանը չի զոհաբերի: Եթե իհարկե, իր ուզածը շատ ավելի մեծ բան չէ: