ԱՄՆ-ը ոտնադրեց տնտեսական «պատերազմի արահետ»

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է վաղուց խոստացած փաստաթուղթը, որով հունիսի 1-ից բարձր մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից Եվրամիության երկրներ, Կանադա, Մեքսիկա և այլ պետություններ (բացառությամբ Արգենտինայի) արտահանվող պողպատե և ալյումինումե արտադրանքի վրա:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պողպատե արտադրանքի մաքսատուրքն այսուհետր կազմելու է 25%, իսկ ալյումինե ապրանքներինը՝ 10%: Դրան անմիջապես արձագանքել են թե՛ Եվրամիությունից, թե՛ հենց Միացյալ Նահանգներից: Իսկ Ֆրանսիայից ու Գերմանիայից տեղեկացրել են, որ արդեն սկսել են դրա դեմ հակաքայլեր մշակել:

Երկու երկրների էկոնոմիկայի և Ֆրանսիսյի արտաքին գործերի նախարարությունների համատեղ տարածած հայտարարության մեջ նախ համաձայնություն է հայտնվում նույն խնդրի վերաբերյալ Եվրահանձնաժողովի արձագանքին, այնուհետև նշվում է.

- Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովը`մենք ԱՄՆ-ի որոշման դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ֆրանսիան ու Գերմանիան շարունակում են այս հարցով սերտորեն համագործակցել: 

Իսկ Եվրամիությունը մտադիր է հունիսին Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում մաքսատուրքերի դեմ իրավաբանական գործընթացներ գործի դնել:
ԱՄՆ նախագահի նման գործելակերպին դեմ են արտահայտվել նաև նրա մի քանի կուսակիցներ, ովքեր մտահոգություն են հայտնել, թե բարձր մաքսատուրքերի հարվածի տակ կարող են հայտնվել հենց ամերիկացիները:

- Դա հիմարություն է: Եվրոպան, Կանադան ու Մեքսիկան Չինաստան չեն, չի կարելի մեր դաշնակիցներին վերաբերվել այնպես, ինչպես վարվում ենք հակառակարդների հետ: Մենք անցյալում արդեն նման քայլեր ձեռնարկել ենք, երբ հովանավորչական քաղաքականության պատճառով Ամերիկան խորասուզվեց Մեծ լճացման մեջ: «Ամերիկան վերստին մեծ դարձնենք» նշանաբանը չպետք է նշանակի` «Ամերիկան վերադարձնենք 1929թ.»,- նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել սենատոր Բեն Սասը:

Սենատոր Պատրիկ Թումին էլ կատարվածին արձագանքել է «Թուիթերում».

- Վատն այն է, որ Թրամփի որոշումը հարվածելու է հենց ամերիկացիներին, ովքեր պողպատ ու ալյումինում են գնում իրենց մերձավոր դաշնակիցներԿանադայից, Մեքսիկայից, ԵՄ-ից: Այդպիսի արտադրանքի գները կցբարձրանան: Դեռ ավելին` Կանադան, Մեքսիկան և ԵՄ-ն պատասխան քայլերի կդիմեն:

Մետաղների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման մասին արդեն խոսվում է մի քանի ամիս, և սա որակվում է որպես ԱՄՆ նախագահի մուտք «պատերազմի արահետ» (ինչպես կասեին ամերիկայի հատուկենտ մնացած բնիկները): Տնտեսակա՛ն պատերազմի: Ահա և Թրամփը ոտք դրեց այդ «արահետ»: Թե ինչ «ճակատամարտեր» կմղվեն այդ պատերազմում` ժամանակը ցույց կտա: Սակայն ակնհայտ է, որ աշխարհում բազմաթիվ մարդիկ դարձյալ ստիպված են լինելու «գոտիները ձգել»: