Brexit-ի հեռանկարը տագնապներ է հասունացնում

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Որքան մոտենում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետը, այնքան տեսանելի են դառնում նրա բնակիչների տագնապալի սպասումները: The Sunday Times լրագիրը, օրինակ, վկայակոչել է մի գաղտնի զեկույց, որը Brexit-ի նախարար Դեյվիդ Դևիսի համար պատրաստել են  պաշտոնյաները:

Պարբերականի հաղորդմամբ` այդ զեկույցում խոսվում է այն մասին, որ գործընթացի ավարտի հենց հաջորդ օրը մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով կաթվածահար վիճակում կհայտնվեն Դուվր ծովային նավահանգստի աշխատանքները: Հենց Դուվրից է իրականացվում լաստային հաղորդակցությունը մայրցամաքի հետ:

Թերթի վարկածով` նաև երկու օր անց Շոտլանդիայի և Անգլիայի խանութները կմնան առանց մթերքների, բրիտանական հիվանդանոցներում երկու օրից կվերջանան բուժանյութերը, իսկ երկրորդ շաբաթվա վերջին կմնան առանց բենզինի պաշարների:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, սակայն, հերքել է այդ ամենը և Բի-Բի-Սի հեռուստադիոհաղորդումների «Էնդրյու Մառի շոուն» հեռուստատեսային ծրագրով անհիմն է համարել պարբերականի հրապարակումը: Բայց նա նշել է, որ Եվրամիության մոտալուտ` հունիսյան  գագաթնաժողովին Մեծ Բրիտանիան նոր առաջարկություններ է ներկայացնելու  Brexit-ի քաղաքականության հարցերի վերաբերյալ` մինչ այդ դրանք հասարակության դատին հանձնելով:

- Ես բացարձակապես համոզված եմ, որ երբ գագաթնաժողովի ժամանակը գա` վարչապետը հիանալի առաջարկությունների մի ամբողջ հավաքածու կներկայացնի, և դրանք արձագանք կգտնեն ԵՄ մեր գործընկերների շրջանում,- նախարարի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով` այդ առաջարկությունները լիովին կհամապատասխանեն այն գծին, որոնք նախանշված էին Մեյի նախորդ հայտարարություններում: Լոնդոնին ու Բրյուսելին հատկացված ժամանակը, որն անհրաժեշտ է վիճելի հարցերը համաձայնեցնելու համար, արագորեն սպառվում է, մինչդեռ բրիտանական կառավարության առջև ծառացել են ապագա մաքսային կարգին առնչվող խնդրներ. հարկավոր է ԵՄ իշխանությունների հետ որոշակիացնել, թե  ինչպես են կարգավորվելու Միացյալ Թագավորության և ԵՄ կազմում մնացած երկրների մաքսային հարաբերությունները:

Ջավիդը չի վարանել համոզմունք հայտնել, որ երկրներին կհաջողվի Brexit-ի հարցում վերջնական համաձայնության գալ, սակայն նաև նշել է, թե բրիտանական կառավարությունը բոլոր դեպքերում պարտավոր է պատրաստ լինել այնպիսի սցենարի, որը ԵՄ-ից պետության դուրս գալը նախատեսում է առանց Բրյուսելի հետ ամփոփիչ գործարքի:

Թերևս Brexit-ը ծնունդ կտա մի նոր Բրիտանիայի, ինչպես որ ԽՍՀՄ-ի փլուզումը սկիզբ դրեց նոր Հայաստանի:

Մեծ Բրիտանիան վերջերս Հայաստան էր ուղարկել Էլթոն Ջոնին, որը որոշել էր «25-ամյա պետությանը» կյանքի դասեր տալ: Մինչդեռ Հայաստանը պատվով հաղթահարել է այն ամենը, ինչից այսօր տագնապում է աշխարհի ամենաապահովված երկրներից մեկը: Հիմա էլ գուցե ժամանակն է, որ Հայաստանից խորհրդատուներ գնան «նորածին» Անգլիա, որպեսզի նրանց սովորեցնեն, թե ինչպես են մարդիկ ապրում շրջափակման, ամենաանհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում ու չեղած տեղից բարիքներ ստեղծում: