Ասադն աջակցում է «ԿԺԴՀ քաղաքական գծին»

Պատերազմը Սիրիայում շարունակվում է, իսկ նրա իշխանությունները թարմ հոսանքներ են բերում պետության արտաքին քաղաքականության մեջ:

Մի քանի օր առաջ էր, որ Սիրիան ճանաչեց Վրաստանի կազմից դուրս եկած Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը` շարժելով Արևմուտքի ու հատկապես Վրաստանի դժգոհությունը: Վերջինս հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այժմ էլ, ինչպես հյուսիսկորեական Rodong Sinmun թերթն է հաղորդել` նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել այցելել ԿԺԴՀ և հանդիպում ունենալ նրա նախագահ Կիմ Չեն Ընի հետ:

Սիրիայի նախագահը նման հայտարարություն է արել  ԿԺԴՀ նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

- Ես լի եմ վճռականությամբ` ապագայում այցելել ԿԺԴՀ և հանդիպել գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընի հետ,- Ասադի խոսքերն է փոխանցել լրատվամիջոցը:

Ասադն ընդգծել է, որ Կորեական թերակղզում ԿԺԴՀ առաջնորդի քաղաքականության շնորհիվ վերջին ժամանակներս դրական փոփոխություններ են նկատվում:

- Սիրիայի կառավարությունն մտադիր է այսուհետ ևս աջակցել ԿԺԴՀ քաղաքական գծին,- ասել է Ասադը:

Ինչ խոսք` ճկուն քաղաքականությունը բոլոր երկրներին է անհրաժեշտ, իսկ պատերազմից ու հակասություններից ելք չգտնող երկրի համար դա ուղղակի կենսական անհրաժեշտություն է: Աշխարհը միայն կշահի` եթե պետությունների քաղաքականությունն ուղղվի խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին: Իսկ ահա Հնդկաստանում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել, որը նաև կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Agni-5 հրթիռն օդ է թռել Օդիշա նահանգի զինանոցից, հունիսի 3-ի առավոտյան: Լուրը հաղորդող Odisha Sun Times-ը նաև նշել է, թե սա հրթիռի վեցերորդ փորձարկումն է, իսկ նախորդը եղել է 2018թ. հունվարին:

Ո՞վ կարող է ասել, թե Կորեական թերակղզու հետ նույն տարածաշրջանում գտնվող Հնդկաստանում նման փորձարկումը որքանո՞վ է ուղղված խաղաղությանը, որքանով` պատերազմին: Անցած տարվա ԿԺԴՀ փորձարկումները հանգեցրին երկրի նկատմամբ դաժան պատժամիջոցների ու ճնշումների: Իսկ ի՞նչ արձագանք կունանան Հնդկաստանի փորձարկումները, և նա՞ ինչ դասեր կքաղի Հյուսիսային Կորեայի փորձից…