Չավուշօղլուն Վաշինգտոնում «հաղթաթղեր» է ցուցադրել

Միացյալ Նահանգներ-Թուրքիա լարված հարաբերությունները առիթ են դարձել, որ երկու երկրների արտաքին գործերի պատասխանատուները հանդիպեն: Եվ Վաշինգտոնում անցկացված բանակցությունները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն համարել է հաջողված:
 
- Հանդիպումը հաջողությամբ անցավ: Ես սպասում եմ, որ դրան կհաջորդեն որոշակի արդյունքները քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) հարցով,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել  NTV հեռուստաալիքը:
 
«Ավանգարդն» արդեն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի պատճառին՝ այն աջակցությունը, որը ԱՄՆ-ը ցուցաբերում է YPG-ին: Թուրքիան մեկ անգամ չէ, որ Միացյալ Նահանգներին մեղադրել է քրդական YPG-ին պաշտպանելու համար: Օրերս Չավուշօղլուն նշել էր, թե Անկարան ակնկալում է Վաշինգտոնի հետ բանակցել Մանբիջի վերաբերյալ  ճանապարհային քարտեզի մասին, երբ հանդիպում ունենա պետքարտուղար Պոմպեոյի հետ: 
 
Այդ բանակցություններն արդեն տեղի են ունեցել, և Չավուշօղլուն խոսել է Մանբիջի հարցով ճանապարհային քարտեզի ստեղծման մասին: Իսկ լրատվամիջոցները տարածել են երկու երկրները համատեղ հայտարարությունը՝ որպես բանակցությունների արդյունք, որտեղ նշվում է, թե իրենք հավանություն են տվել «ճանապարհային քարտեզին», որը վերաբերում է սիրիական Մանբիջի հարցի կարգավորմանը:
 
Չավուշօղլուն մի քանի օր առաջ նաև խոսել էր մինչև ամառվա վերջը Մանբիջը քրդերից մաքրելու վճռականության մասին ու նշել, թե Միացյալ Նահանգների դեմ իրենք հաղթաթղթեր ունեն: Երևում է՝ հենց դրանք էլ Վաշինգտոնում դեր են խաղացել, և գոնե Մանբիջի հարցում ԱՄՆ-ը նրանց ցանկությամբ է գնացել: Եթե իհարկե՝ Չավուշօղլուի հայտարարությունները նախընտրական հնարք չեն՝ ցուցադրելու իրենց հաղթական կեցվածքը՝ նախքան քվեատուփերը ընտրողների առջև բացելը: