Կոռուպցիայի դեմ պայքար` չինական սցենարով

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՍՐԱ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Իր տնտեսական վերելքով և աշխարհում օրեցօր կարևորվող դերով Չինաստանը մեր ժամանակներում առանձնահատուկ երկիր է:

Մանավանդ` իր անօրինակ հաջողություններին հասնում է կոմունիստական կուսակցության իշխող դերի պայմաններում, երբ նախկին սոցիալիստական ճամբարի պետությունները մեկը մյուսի հետևից անցան կապիտալիզմին և շատ հեռու են այսօրվա Չինաստանի հզորությունից:

Հնարավոր է` այս հինավուրց երկրի հաջողությունների մեջ մեծ է նաև պաշտոնյաների հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության դերը: Հունիսի 7-ին Պեկինում հրապարակված փաստաթղթում արձանագրված է, որ այս տարվա ապրիլի վերջի տվյալներով` հայրենիք են վերադարձվել երկրից փախած ավելի քան 4000 կոռումպացված նախկին պաշտոնյա և 1,58 մլրդ դոլարի կարգի գումար, որը Չինաստանից դուրս էր տարվել անօրինական ճանապարհով:

Չինաստանի կոմկուսի Կենտրոնական հանձնաժողովն է հայտարարել, որ Sky Net  հակակոռուպցիոն հատուկ գործողությունը հնարավորություն է տվել ձերբակալել և ՉԺՀ վերադարձնել հազարավոր հանցագործների, ովքեր թաքնվում էին աշխարհի 90 երկրներում: Փաստաթղթի համաձայն` հաջողվել է Չինաստան վերադարձնել 4141 հանցագործի: Դրանց թվում 825-ը նախկին պետծառայողներ են, իսկ 52-ը 100 հոգանոց հատուկ ցուցակից են: Սա ՉԺՀ իշխանությունների կազմած` ամենաորոնվող անձանց ցուցակն է, և նրանց նկատմամբ հայտարարված է Ինտերպոլի «կարմիր ծանուցում»: Դե իհարկե, կարևոր է նաև 10 մլրդ յուանի (մոտ 1,58 մլրդ դոլար) վերադարձը Չինաստան:

Այս տարվա ապրիլին նոր թափ է ստացել Sky Net գործողությունը, որը սկսվել էր 2015թ.: Պեկինի նպատակն է նոր գործողություններով վերացնել օֆշորային ընկերությունները և բանկային ստվերային ցանցերը, որոնց միջոցով կոռումպացված պաշտոնյաները երկրից արտասահման են տեղափոխել դրամական միջոցները: Ըստ տեղեկությունների` գործողությունն իրականացվում է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության ուժերով` համագործակցելով Չինաստանի ժողովրդական բանկի հետ: Սկզբունքը հետևյալն է` եթե հանցագործության համար մեղադրվողի մասին որևէ տեղեկություն է առկա, ապա այն պետք է հետաքննվի աշխարհի ցանկացած երկրում` ընդհուպ մինչև նրա ձերբակալությունն և արտահանձնումը:

Խոսելով որոնողական աշխատանքի առանձնահատկությունների մասին` հասարակական անվտանգության վարչության տնտեսական հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավար Շանհայ Լի Հունցզին Xinmin Weekly հանդեսին տված հարցազրույցում ասել է.
- Արտասահման փախած հանցագործը օդ բաց թողնված օձի է նման: (Նկատի ունի արհեստական թռչող սարքերը, որոնք օդ են բացթողնվում, որպեսզի երկնքում քամու թևին թևածեն: Դրանք հայտնի են նաև ուրուր անունով): Կարևոր չէ, որ նա արտասահմանում թաքնվում է. թելը մշտապես Չինաստանում է գտնվում, և այն միշտ հնարավոր է գտնել:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կոռուպցիայից լիովին զերծ պետություն չկա: Սակայն նույն վիճակագրությունը փաստում է, որ եթե մի պետությունում դրա տոկոսը մեկ միավորից էլ ցածր է, ապա մեկ ուրիշում կարող է 100-ի մոտենալ: Իսկ Չինաստանի օրինակն ապացուցում է, որ ի սեր պետության հզորացման ու նրա բնակիչների բարօրության` առաջինների շարքում տեղ գրավելու համար ամենակարևորը ցանկությունն ու հետևողականությունն են: Արդի աշխարհում միշտ էլ հնարավոր է բռնել «թելը», որն էլ դուրս կբերի հանցագործի ու նրա ավարի վրա: Իսկ երբ սեփական պետությունները թալանած հանցագործները համոզվեն, որ պատասխանատվությունից խուսափել չեն կարողանա, երևի այնքան խելք կունենան, որ թալանը կամավոր կվերադարձնեն: Մի բան, որի ակնկալիքն այսօր Հայաստանում կա: