Ո՞վ է Սիրիայում քիմիական զենք կիրառել

«Սպիտակ Արջը» գիտի՞…

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունն իսկական շոկ էր ոչ միայն այդ երկրի, այլև աշխարհաքաղաքական այլ բևեռների համար: Շոկ էր, քանի որ  երկրի ղեկավար ընտրվեց դեմոկրատիայի խաղի կանոններին չհարմարվող, ստանդարտներից դուրս եւ իր խոսքն առաջ տանող  թեկնածու: 

Թվում էր՝ ընտրություններից հետո Թրամփը կհարմարվի Վաշինգտոնի   քաղաքական չգրված օրենքներին, բայց արի ու տես, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը փորձում է կյանքի կոչել իր նախընտրական խոստումները:

Նորարարություն էին Թրամփի  և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական մոտեցումները, որոնք վերաբերում են Սիրիայի խնդրին, ահաբեկիչների դեմ պայքարին: Թրամփն ընտրվելուց հետո  ռեալ պայքար սկսեց «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման դեմ, ապա հայտարարեց ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Իսկ ահա այս տարվա մարտի 31-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Սիրիայի նախագահի հեռացումը Օբամայի վարչակազմի պես առաջնահերթություն չի համարում։

Բնականաբար, Թրամփի այս հայտարարությունները չէին  կարող չանհանգստացնել  Սիրիայում իրենց քաղաքական շահերն ունեցող կենտրոններին, ինչպես նաև ԱՄՆ-ի այն կառույցներին, որոնք չեն  հաշտվում Թրամփի  ընտրության փաստի հետ: Ու թեև  բացահայտ հակաքարոզ չեն վարում, բայց չի բացառվում, որ զարտուղի ճանապարհներով գահընկեցության պարարտ հող են նախապատրաստում էքստրաօրդինալ նախագահի համար:  

Դրա արտացոլումներից մեկը Սիրիայում քիմիական զենքի փորձարկումն է: Թե ո՞վ է մեղավոր ու պատասխանատու՝  դեռ պարզ չէ: Կողմերը՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակից մի քանի պետություն, մեղադրում են Սիրիայի նախագահ Ասադին՝ վերստին օրախնդիր դարձնելով նրա հրաժարականի պահանջը: Իսկ Սիրիայի իշխանությունը կտրականապես հերքում է քիմիական զենք  օգտագործելու՝  իրեն ուղղված մեղադրանքը:

Արդյո՞ք Ասադի հրաժարականը առաջնահերթություն չհամարած  Սպիտակ տան հայտարարությունից հետո քիմիական զենքի կիրառումը  պատահական է: Կարծում ենք ՝ոչ:

Շրջանառվող վարկածներից մասնավորեցնենք 3-ը:

Չի բացառվում՝  այս ամենը կազմակերպած լինեն Ասադի հրաժարականը կարևորող աշխարհաքաղաքական բևեռները՝ ԱՄՆ-ի որոշ կառույցների լռեյլյայն համաձայնությամբ: Երկրորդ՝ գուցե Ռուսաստանն ինչ-ինչ հարցերում դժգոհ է եղել Ասադի իշխանությունից և բորբոքել է այս կրակը: Չնայած ռուսները հրապարակավ այլ բան են ասում.

- Ամերիկյան կողմը չի կարող չհասկանալ, որ սիրիական կառավարական զորքերն այնտեղ քիմիական զենք չեն կիրառել... Դամասկոսը քիմիական զենք պարզապես չունի, որը մեկ անգամ չէ, որ հաստատվել է որակյալ մասնագետների կողմից:

Այս դեպքում այլ հարց է ծագում. եթե ռուսները վստահ են, որ Դամասկոսը քիմիական զենք չունի, ապա ո ՞վ է կիրառել այն: Ենթադրելի է, որ «Սպիտակ արջը»լավ գիտի այս հարցի պատասխանը, բայց բազմակետեր է թողնում:  Դա կփորձենք  մենք լրացնել՝ երրորդ վարկածն առաջ քաշելով: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ հարաբերությունների կարգավորման թվացյալ փխրուն հիմքերը ձեռնտու  չեն եղել սիրիական ընդդիմությանըևնրանց հովանավորողարտաքինուժերին:

Արդյո՞ք կկարողանան այս խնդիրը լուծել դիվանագիտական հարթակում՝ ժամանակը ցույց կտա, բայց վերստին հարկ է ընդգծել՝ Հայաստանին ամենևին ձեռնտու չէ  Սիրիայի հակամարտության սրումը, որին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ: