Փոփոխությունների ալիքը Վրաստան է հասել

Հետխորհրդային Վրաստանում հերթական իշխանափոխությունն է, միայն թե այս անգամ՝ առավել խաղաղ ճանապարհով: Երևում է՝ հարևան Հայաստանի օրինակը վարակիչ է եղել:  Պետք է հաշվի առնել, որ վերջին օրերին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին ընթանում վարչապետի հրաժարականի պահանջով: Երեկ՝ հունիսի 13-ին Գեորգի Կվիրիկաշվիլին արտակարգ ճեպազրույց է հրավիրել և հայտարարություն արել.
 
- Ես որոշում եմ կայացրել Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալ,- ասել է նա:
 
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ վարչապետը համարվում է գործադիր իշխանության ղեկավարը և ունի կառավարման իրական լծակներ, իսկ պետության գլուխավորը նախագահն է, սակայն նրա լիազորությունները խիստ սահմանափակ են:  Վարչապետի հրաժարականը նշանակում է նաև ամբողջ կառավարության հրաժարական:
 
Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության գլխավորն է 2015թ.-ից: Այժմ արդեն նախագահ Գեորդի Մարգվելաշվիլիի հրամանով Վրաստանի կառավարության անդամները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև քաղաքական գործընթացները կառավարություն կբերեն նոր վարչապետին, որպեսզի նա նոր կառավարություն կազմի:  
 
Վրաստանը մեզ համար կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ մեր դարավոր հարևանն է և թուրքադրբեջանական շրջափակման պայմաններում մեզ դրսի աշխարհին կապող դուռ է, այլև նրա համար, որ հայաբնակ Ջավախքը նրա կազմում է: Ամեն անգամ Վրաստանի իշխանափոխությունից հետո մենք վերստին լարվում ենք ու ուշադիր հետևում, թե հայերի ու Հայաստանի հանդեպ ինչ դիրք է որդեգրելու նոր ղեկավարությունը:
 
Մինչև այսօր նրանց դիրքորոշումից մենք առանձնապես ուրախանալու առիթներ չենք ունեցել: Բայց երևում է՝ մեր տարածաշրջանում փոփոխությունների ալիքն այնքան զորեղ է, որ կարող է հնարավոր դարձնել անգամ անհնարինը: