Ռուսական Ս-400-ներ գնելը գուցե թանկ նստի Անկարայի վրա

ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԹՈՒՔԻԱՅԻՆ

Թուրքիայի նախագահի վերընտրվելուց երկու օր անց այդ երկրին յուրօրինակ «նվեր» է մատուցել Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ից հայտարարություն է հնչել, որ եթե Թուրքիան  ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը գնի, նրա դեմ պատժամիջոցներ կկիրառվեն: Դա նաև կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների որակի վրա:

Այս նախազգուշացումը երեկ` հունիսի 26-ին հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միտչելը: Այդ մասին նա խոսել է Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ` մեկնաբանելով Ս-400-ներ գնելու Անկարայի մտադրությունը: Ըստ նրա` եթե Թուրքիան ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգեր ձեռք բերի, դա կհանգեցնի Վաշինգտոնի կողմից Անկարայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների, ինչպես նաև երկկողմ հարաբերությւնների որակական փոփոխության:

- Բազմաթիվ բարձր մակարդակի շփումների ընթացքում մենք թուրքական կառավարությանը շատ պարզ ասել ենք, որ հետևանքներ են լինելու, նախ և առաջ այն առնչությամբ, ինչ գրված է CAATSA-ի 231 բաժնում,- շեշտել է ամերիկյան պատասխանատու պաշտոնյան:

Նշենք, որ CAATSA-ն հապավումն է  Countering America's Adversaries Through Sanctions Act-ի. թարգմանաբար` «Պայքար Ամերիկայի հակառակորդների դեմ` պատժամիջոցների կիրառմամբ»:

Թե այսուհետ ինչպես կզարգանան Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները, մոտ ժամանակներս պարզ կլինի: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը խանդով է վերաբերվում իր երդվյալ հակառակորդ Ռուսաստանի հետ իր դաշնակցի սիրախաղին: Իսկ անշեղորեն դեպի սուլթանություն սլացող Էրդողանն ըստ երևույթին  հաստատ համոված է, որ այս աշխարհում իր դեմ խաղ չկա, ուստի պանթուրքիազմի ճանապարհին ինչ գործողություն իրենց ձեռք է տալիս, դրան էլ դիմելու են:

Դե, իսկ Ռուսաստանի մասին ի՞նչ կարելի է ասել:

Լրատվամիջոցներն ազդարարում են` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է անհապաղ, հենց պարզ է դարձել, որ Թուրքիայում այսուհետև ևս նա է իշխելու: Պուտինից գուցե առաջ է անցել միայն Իլհամ Ալիևը: Սրա շնորհավորանքներն ու թուրքավարի քծնող արտահայտությունները տեղ են հասել դեռևս հունիսի 24-ին, երբ դեռ շարունակվում էր Թուրքիայի նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: