Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները գործնականում դադարեցված են
ԱԼԲԱՆԻԱՆ ՈՒ ՄԱԿԵԴՈՆԻԱՆ` ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Հունաստանն ու Մակեդոնիան վերջապես ընդհանուր հայտարարի են եկել նախկին Հրավսլավիայից անջատված սլավոնական պետության անվան հարցում: Իսկ դա վերջինիս առջև բացում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու դռները: Ճիշտ է, «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» նոր անունը շատերին չի գոհացնում, սակայն բանակցությունների հիմք տալիս է:
Եվրախորհրադարանն արդեն առաջին ավետիսը հնչեցրել է:
Հունիսի 26-ին Բրյուսելը հայտարարել է, թե Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ կսկսվեն ուղիղ մեկ տարի հետո` 2019թ. հունիսին:
Հայտարարությունն արվել է Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման նիստում: ԵԽ-ի այդ նիստի ուշադրության կենտրոնում Ալբանիայի և Մակեդոնիայի անդամության բանակցություններն են եղել: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասն այդ հանդիպման առիթով ասել է, թե ԵՄ անդամ ոչ բոլոր պետություններն են հանդես գալիս հօգուտ բանակցային գոծընթացի անհապաղ մեկնարկի:
- Կարծում եմ` երկրների երկու խումբ կա: Առաջինը մեծամասնությունն է` 25 երկիր, որոնք հանդես են գալիս բանակցություններ սկսելու օգտին: Երեք երկիր էլ` Ֆրանսիան, Դանիան և Նիդեռլանդները, կարծում են, որ ամբողջ գործընթացը պետք է հետաձգել,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:
Նշենք, որ սլավոնական Մակեդոնիայի վերանվանման փաստաթղթի տակ հունական կողմից ստորագրել է հենց Նիկոս Կոտզիասը:
Սա, սակայն, դեռևս չի նշանակում, թե Ալբանիան ու Մակեդոնիան առաջիկա մեկ-երկու տարում ԵՄ անդամ կդառնան: Այս պահին ԵՄ անդամության թեկնածու են համարվում նաև Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան: Բրյուսելում առայժմ չեն նշում որոշակի ժամկետներ, երբ այդ երկրները կներառվեն ԵՄ կազմում:
Միայն 2017թ. աշնանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, թե իր կարծիքով Սերբիան ու Չեռնոգորիան ԵՄ անդամ կդառնան 2025 թ.: Ինչ վերաբերում է վերջին թեկնածուին, հունիսի 26-ին Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները գործնականում դադարեցված են: