Նոր դատավճիռ Սաակաշվիլիի նկատմամբ

Թբիլիսիում դարձյալ հիշել են իրենց երբեմնի նախագահ Սաակաշվիլիին: Հունիսի 28-ին դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է վեց տարվա ազատազրկման:
 
Այս դատավճիռը կայացվել է խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005թ. ծեծելու գործով (տեղեկությունը տարածել է վրացական Առաջին ալիքը): Մեկ այլ հեռակա դատավճիռ էլ՝ այս անգամ «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Գարգվլիանիի սպանության գործով, հրապարակվել էր այս տարվա հունվարին՝ Միխեիլը դատապարտել է երեք տարվա ազատազրկման:
 
Մինչ այս էլ Վրաստանի գլխավոր դատախազությունը վարդերի հեղափոխության հերոսին 2014թ. մի քանի քրեական գործերով մեղադրանքներ է ներկայացրել՝ նույնպես հեռակա կարգով: Հիշատակվածներից բացի, նա մեղադրվում է նաև պետության միջոցները սեփական կարիքների համար օգտագործելու և 2007թ. նոյեմբերի 7-ի զանգվածային գործողությունները ցրելու ժամանակ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: Կարելի է ենթադրել, որ վրաց իրավապահները որոշել են հետևողական լինել և նշված բոլոր գործերի համար Սաակաշվիլիին պատասխանատվության ենթարկել:
 
Իսկ Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին, որի հեղափոխական ու կառավարման փորձը Ուկրաինայում նույնպես նրան անփոխարինելի ղեկավար չդարձրին, այս պահին հանգիստ ապրում է կնոջ հայրենիքում՝ Հոլանդիայում: Քիչ հավանական է, որ նա իր համար սահմանված պատժաչափերը կկրի Վրաստանում. թերևս դա նույնպես կիրականացվի «հեռակա կարգով»:  
 
Ամեն դեպքում՝ Սաակաշվիլիի իշխանության 10 տարիները (2003-2013թթ.) Վրաստանի համար զարգացման նոր փուլի սկիզբ դրեցին, որն էականորեն տարբերվում էր Շևարդնաձեի Վրաստանից: Մեր տեսանկյունից դատելով՝ այնտեղ թուրքադրբեջանական բաղադրիչը չափազանց մեծ բնագավառներ է գրավել, իսկ հայահոծ բնակավայրերում վիճակը լավ չէ: Ըստ էության՝ Վրաստանի ներկա իշխանություններն ու ժամանակին գրեթե հարյուրտոկոսանոց արդյունքներով նրան նախագահ ընտրողները «հիշաչար» դուրս եկան՝ որոշելով նրա հիմնած լավ ավանդույթները շարունակել, իսկ վատի համար՝ պատժել: 
 
Հայտնի իրողություն է՝ անպատժելությունը միշտ էլ նոր չարիքների պատճառ է դառնում: