Քիշնևի քաղաքապետ ընտրվելու համար 52,57% քվեն բավարար չէ

Իշխանությունների դեմ բողոքի գործողությունների ալիքն այժմ էլ ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախացած Մոլդովայում է մոլեգնում:

Կիրակի մայրաքաղաք Քիշնևում հանրահավաքի են դուրս եկել ընդդիմության աջակիցները: Նրանք իրենց բողոքն են արտահայտում «բռնապետության դեմ», նաև որոշակի պահանջներ են առաջ քաշում:

Ինչպես «ՌԻԱ-նովոստին» է հաղորդել` հանրահավաքի մասնակիցները պահանջում են ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև վերացնել խառը ընտրակարգը:

Բողոքի առիթը մայրաքաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններն են, որոնց երկրորդ փուլը կայացել է հունիսի 3-ին: ԿԸՀ-ն հաղորդել է, որ  «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ» կուսակցության թեկնածու Անդրեյ Նեստասեի 52,57% ձայն է հավաքել, սակայն նրա հաղթանակը այդպես էլ չի ճանաչել: Հունիսի 25-ին Բարձրագույն դատական մարմինն անվավեր է ճանաչել ընտրությունները: Որպես պատրվակ բերվում է ընտրությունների օրն իրականացված քարոզչությունը: Ելնելով սրանից` ցուցարարները ևս մեկ պահանջ են ներկայացնում` ընտրությունները չեղարկած դատավորները պետք է հրաժարական տան: Իսկ արդեն հունիսի 29-ին ընտրություններն անվավեր է ճանաչել Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հունիսի 1-ի կիրակի օրը Քիշնևում արգելափակվել է տրանսպորտի երթևեկությունը: Կազմակերպիչներն ակնկալում են բողոքի դուրս բերել ավելի քան 50 հազար մարդու, որոնք կմասնակցեն նաև «բռնապետության դեմ» երթին:  Մոլդովայի «Ազգային դիմադրության կոմիտեն» մտադիր է բողոքի գործողություններ անցկացնել շաբաթական պարբերականությամբ, այնքան ժամանակ, մինչև իշխանությունները կատարեն ցուցարարների պահանջները:

Մոլդովացիների այս բողոքի արդյունքը կախված է քաղաքացիների հոգիներում պարփակված բողոքի չափից ու դրսևորման ձևից և սառը դատելու ու կատարվածից հետո իրենց հաշիվ տալու` իշխանությունների կարողությունից: