Եվրոպան պետք է բանակցություններ վարի հյուսիսաֆրիկյան երկրների հետ

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՉԸ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղ գտած զինված հակամարտություններն ու տնտեսական հիմնախնդիրները Եվրոպայում առաջացրել է ճգնաժամային մի իրավիճակ, որն աննախադեպ է Երկրորդ համաշխարհայինից ի վեր: Ներգաղթի խնդիրն այնքան է սրվել, որ եվրակառույցներն ու շահագրգիռ պետությունները դա անընդմեջ քննարկում են:

Օրերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե անհրաժեշտ է Աֆրիկայի երկրների ներգաղթյալների ափհանման խնդիրները քննարկել նախ և առաջ հենց աֆրիկյան պետություններում և նկատի առնել նաև նրանց շահերը: Իսկ հուլիսի 1-ին նույն խնդրին անդրադարձել է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը, որի կոչը հրապարակել է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:

Եվրահանձնակատարն ասել է, թե ներգաղթյալների հարցերով հարկավոր է բանակցություններ վարել հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ:

- Դա է պահանջում համագործակցության համաձայնագիրը Հյուսիսային Աֆրիկայի այն երկրների հետ, որոնք կա՛մ անմիջականորեն Միջերկրական ծովին են հարում, կա՛մ  գտնվում են Սահելի տարածաշրջանում: Այժմ մենք պետք է դրանց վերաբերյալ բանակցություններ վարենք: Մեզ հարկավոր  է արդարացի  մոտեցում,- ընդգծել է Էթինգերը:
(Ի դեպ` Սահելը արաբերենից թարգմանվում է սահման, ափ):

Ըստ պարբերականի` տվյալ հարցի վերաբերյալ բանակցություններ են վարվում Մալիի, Նիգերի, Նիգերիայի և Լիբիայի հետ:

Մի քանի տարի առաջ նույն Եվրոպան հրճվում էր «արաբական գարուն» անունն ստացած շարժումներով, այսուայնտեղ բռնկված բախումներն օգտագործում անօրինական  զենք ու զինամթերք վաճառելու, տարբեր կարգի օգուտներ կորզելու նպատակով: (Հիշենք թեկուզ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին ներկայացված մեղադրանքները):

Այժմ «բումերանգը» հետ է եկել, և այնտեղ արդեն պետք է լրջորեն մտածեն, թե դրան ինչ ուղղություն տան, որպեսզի երբ մի օր նորից վրադառնա` հետը բարիքներ բերի: