«Ուկրիանասեր» պետությունների թվում առաջինը Կանադա՞ն է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համացանցային Դիմագրքում գրառում է արել՝ շնորհավորանք հղելով Կանադայի ազգային տոնի առթիվ: Այս գրառումն էլ բացահայտում է, թե որ երկիրն է Ուկրաինայի ամենանկեղծ բարեկամը:
 
- Աշխարհում չկա երկրորդ այնպիսի ուկրաինասեր բարեկամ, ինչպիսին Կանադան է: Երջանկություն և բարգավաճում այն երկրին, որտեղ ապրում են նման հիանալի մարդիկ: Շնորհավոր Կանադայի օրը,- գրել է Պորոշենկոն:
 
Պորոշենկոն թերևս համեստություն է արել և չի «խոստովանել», որ երկրոդ ուկրաինասերն էլ կա՝ Ադրբեջանը: Քանի դեռ մեր այս հարևանը կարողանում է Ուկրաինայի իշխանություններից հայավնաս վերաբերմունք կորզել, այդ սլավոնական պետությունը «սիրելու է»: Իսկ Կանադայի նկատմամբ Պորոշենկոյի նման զեղումների պատճառը, ելնելով ռուսական «ՌԻԱ-նովոստիի» հրապարակումից, այն է, որ մեկ տարի առաջ Օտտավան հավանություն էր տվել Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելուն: Այն ժամանակ Պորոշենկոն երախտագիտություն էր հայտնել «աջակցության հզոր և ճիշտ ժամանակին տրված ազդանշանի» համար: Մանավանդ՝ Կանադայի վարչապետ  Ջասթին Թրյուդոն նույնպես բազմիցս ասել  է, թե Կիևին կօգնի պաշտպանել իր ինքնիշխանությունը:
 
Հակառակ ուրիշ կիսագնդում տարածվող Կանադայի՝ Ուկրաինայի հարաբերությունները այնքան էլ լավ չեն անմիջական հարևանների, ինչպես նաև իր տարածաշրջանի որոշ պետությունների հետ: Այսօր՝ հունիսի 3-ին, Պորոշենկոն Բելգրադում մասնակցում է ուկրաինա-սերբական գործարար համաժողովի բացմանը: Այդ մասին տեղեկությունը տարածել է Սերբիայի նախագահի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Պորոշենկոն կհանդիպի Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչետիչի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մակարդակով:
 
Համաժողովի բացումից առաջ նախատեսվում է, որ երկու նախագահները մի շարք փաստաթղթեր կստորագրեն: Ծրագրված են Ուկրաինայի նախագահի հանդիպումները նաև Սերբիայի նախագահի և խորհրդարանի ղեկավարի, ինչպես նաև պատրիարք Իրինեյի հետ: 
 
Այս պահին Սերբիայի և Ուկրաինայի միջև եղած տարաձայնությունները հենց պատրիարքի հետ էլ առնչվում են: Բանն այն է, որ Սերբիայի պատրիարքը դեմ է արտահայտվել ուկրիանական եկեղեցու անկախությանը, որին ի պատասխան՝ Կիևի ազգայնամոլները նրա տվյալները ներառել են ուկրաինական «Միրոտվորեց» ազգայնամոլական  կայքում: 
 
Անշուշտ՝ հարևանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով այնտեղ այցելելն ու համատեղ համաժողավ կազմակերպելը դրական քայլ է և անպայման բխում է երկու կողմերի շահերից: Սակայն, երևի ավելի օգտակար է գովերգել քեզնից օվկիանոսներով հեռու մի պետության, որի ռազմատենչ աջակցությունը, մեկ էլ տեսար, պետությունդ փառքի գագաթ բարձրացրեց: