Թերեզա Մեյի վարչապետական աթոռը երերում է

Մեծ Բրիտանիայում կարծես թե իսկական կառավարական ճգնաժամ է. այնտեղ երկու օրում երկու կարևոր նախարար է հրաժարական տվել: Կառավարության ղեկավար Թերեզա Մեյը, սակայն, վարչապետությունից հրաժարվելու մտադրություն չունի: Այդ մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է բրիտանական վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը:
 
Հրաժարական տված նախարարներից առաջինը Դեյվիդ Դեյվիսն է, ով Մեյի կառավարությունում պատասխանատու էր Brexit-ի համար: Վարչապետի և նախարարի տարաձայնության պատճառը Եվրամիության հետ առևտրային և մաքսային հետագա հարաբերություններն են: Այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից վերջնականապես դուրս է գալիս 2019թ. մարտի 29-ին, այս նախարարի համար կառավարությունում հատուկ դիրք էր ապահովում: 
 
Հրաժարական է տվել Մեյի կառավարության ևս մի շատ կարևոր դեմք՝ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Եվ հիմա Թերեզա Մեյը փորձում է խուսափել իր խորհրդարանական գործընկերների անվստահության քվեից և պահպանել ինչպես առաջնորդությունը Պահպանողական կուսակցությունում, այնպես էլ իր վարչապետությունը: 
 
Լրագրողների հետ հանդիպմանը հնչած հարցին՝ Մեյն իր դիրքորոշման մեջ հաստատո՞ւն կմնա, բանախոսը պատասխանել է մեկ բառով՝ այո: Վերջինս նաև համաձայն չի եղել, թե  երկու կարևոր նախարաների հրաժարականից հետո երկրում կառավարական ճգնաժամ է առկա: Խորհրդարանում հանդես գալով հուլիսի 9-ին՝ Մեյը առաջարկել է հաստատել, որ Brexi-ի առնչությամբ իր առաջարկած տարբերակը լավատեսական է:
 
Բայց երևում է՝ «այս խմորը շատ ջուր կվերցնի»: Առանց այն էլ Եվրամիությունից դուրս գալը ամբողջ Թագավորությունում հակասական տրամադրություններ է առաջացրել: Դրան դեմ է նույն Թերեզա Մեյը, որի կառավարությունը հարկադրված է բանակցություններ վարել այդ գործընթացի վերաբերյալ: Այնպես որ, հնարավոր է՝ 2019թ. մարտի 29-ին ԵՄ-ին ընդմիշտ հրաժեշտ տալիս՝ Բրիտանիան միանգամայն ուրիշ կառավարություն ունենա. մեկ այլ, գուցե ավելի «ձեռնտու» վարչապետով: