ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ՌԴ նկատմամբ դաշինքի հարաբերություններում ոչինչ չի փոխի

Հուլիսի 11-12-ին Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ռազմական դաշինքը, որն ըստ էության ուղղված է հիմնականում Ռուսաստանի դեմ, իր հերթական գագաթնաժողի վերաբերյալ փաստաթղթի նախագծում հստակեցրել է այդ պետության նկատմամբ հետգա դրիքորոշումը:

Ինչպես Süddeutsche Zeitung պարբերականն է հաղորդել, գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկա դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Նշվում է, թե Դաշինքի երկրները պատրաստ են երկխոսության, սակայն դատապարտելի են համարում ՌԴ քաղաքականության միանգամից մի քանի ուղղություն:

Փաստաթուղթը հռչակում է, թե Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում ՆԱՏՕ-ն «բաց է մնում կանոնավոր, կիզակենտրոն և մտածված երկխոսության համար»: Այդ երկխոսության նպատակն է «կանխել թյուրըմբռնումը, սխալ հաշվարկը և լարվածության չմտածված սաստկացումը», նաև փոխադարձ հարաբերություններում բարձրացնել թափանցիկության և կանխատեսելիության մակարդակը:

- Մենք առաջվա պես կարծում ենք, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը` հիմնված միջազգային իրավունքն ու միջազգային պարտավորությունները  հարգելու վրա, ռազմավարական նշանակություն կունենար,- նշվում է փաստաթղթում ու նաև շեշտվում, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում և չի կարող հետ կանգնել իր սկզբունքներից:

ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը Բրյուսելում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև ակնհայտ տարաձայնություններ կան: Դրանք պայմանավորված են Իրանի միջուկային պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալով և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պատճառով եվրոպական ընկերությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով, ինչպես նաև ալյումինումի և պողպատի ներմուծման վրա ամերիկյան մաքսատուքերով: 

Նախօրեին լուր տարածվեց, որ այդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իսկ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը այս երկրի նվիրական երազանքն է ներկա պահին:

ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնություններ Հայաստանը չունի, սակայն հաղորդվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Բրյուսելում մասնակցելու է ռազմական դաշինքի գագաթնաժողովին: