Իսրայելը Թրամփ-Պուտին հանդիպումից սեփական ակնկալիքներն ունի

ՍԻՐԻԱՅԻՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է

Հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին համդիպումը որոշակի հույսեր է առաջացրել նաև Իսրայելում: Մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը բացահայտ թշնամանք ունի Իրանի հանդեպ, և այդ հանդիպումից նրա ակնկալիքները հենց Իրանին էլ վերաբերում են: Այնտեղ ցանկանում են, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները պայմանավորվեն Սիրիայից Իրանի դուրս գալու վերաբերյալ:
 
Այդ մասին Վաշինգտոնում խոսել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը: Washington Post-ի քննարկումների հարթակում նա ասել է, թե Իսրայելը հույս ունի, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները Հելսինկիի վեհաժողովին կպայմանավորվեն Սիրիայի քաղաքական գործընթացների մասին, որը կնախատեսի այնտեղից իրանական զորամասերի դուրսբերումը:   
 
- Ակնհայտ է՝ այժմ ամենահրատապ հարցն իրավիճակն է Սիրիայում: Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարողանան պայմանավորվել Սիրիայի քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչը, մեր տեսանկյունից, պետք է երաշխավորի Իրանի դուրս գալը Սիրիայից, ապա դա կարող է տարածաշրջանի համար լավ և դրական լինել,- նշել է Իսրայելի դեսպանը: 
 
Հենց միայն նման վեհաժողովի փաստը նա համարել է դրական զարգացում, որովհետև ԱՄՆ-ի և ՌԴ-ի համատեղ աշխատանքը կարող է վերացնել տարածաշրջանի բազմաթիվ խնդիրները: 
 
Իրանին չի անտեսել նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Դաշինքը անդամ երկրները երեկ Իսլամական Հանրապետությանը կոչ են արել շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և ոչ միայն:  
 
- Մենք դատապարտում ենք ահաբեկչությանը հատկացվող ցանկացած դրամական աջակցություն, այդ թվում՝ Իրանի աջակցությունը զանազան ոչպետական զինված անձնակազմերի: Մենք Իրանին նաև կոչ ենք անում կառուցաղական դեր խաղալ՝ ավանդ ներդնելով ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում հասնել քաղաքական որոշումների, հաշտեցման ու խաղաղության,- նշված է հրապարակված փաստաթղթում: