ՄԱԿ-ում նոր մարմին կստեղծվի

ՆՊԱՏԱԿԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ՈՐՊԵՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՀԱՐԹԱԿ

Թվային աշխատակարգերն այնպես են նվաճել ամբողջ աշխարհը, որ արդեն անհրաժեշտություն է առաջացել ՄԱԿ-ում դրանց առնչվեղ հատուկ մարմին ստեղծել: Դրա անհրաժեշտության մասին խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ընդգծլով, որ նման կազմակերպությունը կարող է երկխոսության եզակի հարթակ դառնալ:
 
Իհարկե, զանազան միջազգային հանդիպումների ժամանակ պետությունների գլխավոր դեմքերը հնարավորություն ունենում են իրար հետ շփվել և դիրքորոշումներ ճշտել, սակայն Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող թվային հարթակը գուցե շատ ավելի արդյունավետ կլինի: Երեկ Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունում կստեղծվի համագործակցության նոր մարմին: 
 
- Ես որոշում եմ ընդունել հարթակ ստեղծել՝ թվային աշխատակարգերի ոլորտում համագործակցելու համար,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է փոխանցել ՏԱՍՍ գործակալությունը: 
 
Ըստ էության՝ Գուտերեշի նպատակն է (գոնե առերես) արագ զարգացող ոլորտի օգուտներն ի սպաս դնելը մարդկության ընդհանուր բարօրությանը 
 
- Նորագույն աշխատակարգերը, ինչպես օրինակ բլոքչեյնը, առաջ են գալիս ամեն օր: ՄԱԿ-ում եզակի հարթակ եմ տեսնում տեխնիկական դարի պայմաններում երկխոսության համար,- իր որոշումը պարզաբանել է Գուտերեշը: 
 
Միանշանակ է,որ այսօր միջազգային կյանքն առանց թվային աշխատակարգերի պատկերացնել հնարավոր չէ: Վերջին տասնամյակում համացանցի ներգրավմամբ տեղի ունեցած ամեն տեսակի հեղաշրջումներն ու դրանց փորձերը, միջազգային ահաբեկչության տարածումը, նաև պետությունների կարևոր դեմքերի թուիթերյան գրառումները հենց դա են վկայում: 
 
Որոշ քաղաքական գործիչներ, օրինակ, հայտնի են իրենց «թուիթ»-ներով, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ արված նրա գրառումը միջազգային երկխոսության տեսանկյունից իրոք ուշագրավ է: Դոնալդ Թրամփն իր էջում հրապարակել է ՀԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի նամակը, որտեղ վերջինս վստահություն է հայտնում, թե իրենց երկկորղմ հարաբերությունների համար «նոր ապագա» է կառուցվում: ԿԺԴՀ առաջնորդը նաև հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունների առաջընթացը կարող է նոր վեհաժողով կազմակերպելու առիթ տալ, ինչպես նաև բարձր է գնահատել սինգապուրյան հայտարարագրի կատարման ջանքերը: 
 
Եթե ՄԱԿ-ը իր նոր մարմնի գործունեության հիմքում դնի թվային աշխատակարգերի դրական կողմն ընդգծելը, իսկ վնասակարը չեզոքացնելը, աշխարհը, անշուշտ, դրանից կշահի: Իսկ եթե դա մի հերթական անպտուղ կառույց է լինելու, ապա մեծադղորդ խոսքերից ու մի քանի աշխատատեղ բացելուց բացի ուրիշ արդյունք դժվար թե տա: