Բանակցելու փոխարեն` դատի տալ Բրյուսելին

ԹՐԱՄՓԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՅԻՆ

Ժամանելով Միացյալ Թագավորություն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  The Sun լրագրին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Մեյի կառավարության համաձայնեցրած «մեղմ Brexit»-ը կսպանի Վաշինգտոնի հետ Լոնդոնի համաձայնագիրը ազատ առևտրի մասին, որովհետև այդ դեպքում Միացյալ Նահանգները «Մեծ Բրիտանիայի փոխարեն գործ է ունենալու Եվրամիության հետ»:

Իսկ ահա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն առաջարկել է Եվրամիության հետ Brexit-ի վերաբերյալ բանակցելու փոխարեն նրան դատի տալ: Այդ մասին նա խոսել է «Էնդրյու Մարրի շոու» ծրագրի կիրակնօրյա եթերում, որը հեռարձակում է Բի-Բի-Սի-ն:

Երբ հաղորդումը վարող Էնդրյու Մարրն  իր բարձրաստիճան հյուրին հարցրել է, թե ինչ էր նշանակում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի հիշատակած ինչ-որ խորհրդավոր «կոշտ առաջարկը», որով Թրամփը դիմել է Մեյին, վարչապետը պատասխանել է.
 

- Նա ինձ ասաց, որ ես պետք է ԵՄ-ին դատի տամ: Նրանց հետ բանակցություններ չվարել, այլ` դատի տալ:

Ըստ էության չի նշանակել, թե Թրամփը բրիտանական կառավարության ղեկավարին առաջարկում է բանակցությունները դադարեցնել:

- Բայց հետաքրքիր է նաև այն, թե նախագահն այդ մամուլի ասուլիսին է՛լ ինչ ասաց: «Այդ բանակցություններից դուրս մի՛ եկեք, որովհետև հետո ձեզ հարված կհասցնեն»: Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որ մենք նստենք և պայմանավորվենք Մեծ Բրիտանիայի համար լավագույն համաձայնագրի վերաբերյալ,- խոսքն առաջ է տարել Թերեզա Մեյը:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ նիստում ընդունվել են ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների որոշիչ սկզբունքները, որից հետո կառավարության երկու կարևոր դեմքեր` արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և  Brexit–ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը, հրաժարական տվեցին: Նրանք պաշտպանում էին դիրքորոշումը, որ Բրյուսելին չափազանց մեծ զիջումներ են արվել, որոնք հակասում են այն հանրաքվեի ոգուն, որով Մեծ Բրիտանիան կամք արտահայտեց ԵՄ կազմից դուրս գալ:

Դոնալդ Թրամփը, որ Մեծ Բրիտանիայում է հուլիսի 12-ից, ուրբաթ օրն ավարտել է իր այցի պաշտոնական մասը: Նա Շոտլանդիայի իր սեփական գոլֆ-ակումբ տարածքում մնացել է մինչև հուլիսի 15-ը, որպեսզի այնտեղից ժամանի Հելսինկի` այսօր հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հանդեպ Բրյուսելի պահվածքին՝ կարելի է եզրակացնել, որ այնտեղ ցանկանում են ցույց տալ, թե որքան դժվար բան է Եվրամիությունից դուրս գալը: Եթե Միացյալ Թագավորության նման հզոր պետության համար են կարողանում բազմաթիվ ծուղակներ պատրաստել, որքան ավելի հեշտ կլինի  դա անել առայժմ գլխապատառ դեպի ԵՄ ձգտող տարբեր կարգի պետություների հետ: