Ընդդիմությունը նրանց մեղադրում է բյուջեի միջոցները վատնելու համար

Մակեդոնիայի Հանրապետությունը լուծեց Հունաստանի հետ ունեցած վեճը և հնարավորություն ստացավ անդամակցելու իր երազած միջազգային կառույցներին: Հունաստանի հետ համաձայնությունը նշանակում է, որ նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն անունով ներկայացող պետությունն այսուհետև կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, ինչի շնորհիվ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին հրավեր ստացավ անդամակցելու Ռազմական Դաշինքին:

Ճիշտ է, երբ հուլիսի 11-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հաղորդեց, որ բոլոր 29 երկրների առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրում են անդամակցել ՆԱՏՕ-ին, նա մի փոքրիկ վերապահում արեց. պաշտոնական հրավերն ուժի մեջ կմտնի` հենց որ Մակեդոնիան իր սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություներն անի և հնարավորություն ունենա ՆԱՏՕ մտնել նոր` Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն անունով:

Այս հրավերը Մակեդոնիայի իշխանություններին այնքան է ոգևորել, որ վարչապետ Զորան Զաևը քաղաքացիներին կոչ էր արել ուրախանալ: Վարչապետի նախաձեռնությամբ մայրաքաղաք Սկոպյեում և 14 այլ քաղաքնեում շաբաթ երեկոյան տեղի են ունեցել տոնական համերգներ, որոնցում շնորհավորանքի խոսքեր են ասել վարչապետն ու կառավարություն անդամները: Դեռևս հաշվարկված չէ, թե այդ զանգվածային տոնակատարությունների վրա որքան գումար է ծախսվել, սակայն երկրի ամենախոշոր ընդդիմադիր ուժն արդեն կառավարությանը քննադատել է բյուջեի փողերը վատնելու համար:

- Այն, ինչը Զաևը ներկայացնում է որպես իր հաջողությունը, երկրի քաղաքացիներն ստացել են դեռևս 10 տարի առաջ: Մակեդոնիայի Հանրապետությունը ՆԱՏՕ ընդունվելու բոլոր

պարտավորությունները կատարել է դեռևս 2008թ.: Զորին Զաևը քաղաքացիների դրամները ծախսում է մեկօրյա երեկույթի վրա, որի համար չկա ո՛չ առիթ, ո՛չ պատճառ: Սա պատմության մեջ կհիշվի որպես երկրի անվանափոխության տոնակատարություն,- ասված է քաղաքական շարժման տարածած հայտարարության մեջ:

VMRO-DPMNE քաղաքական ուժը, որին պատկանում է Մակեդոնիայի խորհրդարանի 120 մանդատներից 51-ը, որպես բողոքի նշան խաղաղ երթ է իրականացրել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կավադարցի քաղաքում:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի այս անվանափոխությունը դժգոհությունների տեղիք է տվել թե՛ հենց այդ երկրում, թե՛ Հունաստանում, որտեղ դեմ են իրենց Մակեդոնիա վաղեմի մարզի անունով ուրիշ քաղաքական միավորի առկայությանը: